09:09  ,  12 դեկտեմբերի, 2017

Հայաստանի առաջատար հեծանվորդը մեկնում է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին

Շատ ուրախ եմ, որ ինձ նույնպես ընգրկել են թեկնածուների կազմում: Կարծում եմ, այն մարզիկները, ովքեր ընդգրկված են 25 թեկնածուների կազմում, ցանկանում են ընդգրկվել լավագույն տասնյակում: Ես նույնպես բացառություն չեմ եւ ինքս ուզում եմ լինել լավագույն տասը մարզիկներից մեկը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը:

20-ամյա Էդգար Ստեփանյանը մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, որտեղ նվաճել է արծաթե մեդալ: Իսկ այս օրերին պատրաստվում է Պորտուգալիայիում կայանալիք հերթական փուլի մրցաշարին: Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով որոշվելու են 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները:

NEWS.am Sport-ը հետեւել է հեծանվահրապարակում Էդգար Ստեփանյանի անցկացրած մարզումներից մեկին:

«Պորտուգալիա ենք մեկնում դեկտեմբերի 13-ին: Մասնակցելու եմ մեծահասակների կազմում սկրեչ մրցաձեւին եւ մինչեւ 23 տարեկանների 4 կմ հետապնդում խմբակային վազքին: Այս պահին սկրեչ մրցաձեւում աշխարհում 25-րդն եմ: Պորտուգալիայում միավորներ կուտակելու դեպքում կբարելավեմ դիրքս լավագույն 24-ում եւ կամրապնդեմ մասնակցությունս աշխարհի առաջնության մասնակիցների կազմում:

Նախորդ մրցաշարը, որին մասնակցել եմ՝ եղել է Վարշավայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որտեղ երկրորդ տեղ զբաղեցրեցի, իսկ այս ընթացքում կայացել է աշխարհի գավաթի խաղարկության եւս մի քանի փուլեր, որոնց չմասնակցեցի ֆինանսի բացակայության պատճառով: Բայց չեմ մտահոգվում, կփորձեմ միավորներ վաստակել Պորտուգալիայում»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը հպարտ է, որ իր սանն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների թեկնածուների կազմում: Հույս ունի, որ Պորտուգալիայում կայանալիք մրցաշարում Հայաստանի միակ առաջատար հեծանվորդն իր տեղը կհաստատի աշխարհի առաջնության մասնակիցների կազմում:

«Ստեփանյանը նորմալ մարզավիճակ ունի, առողջական խնդիրներ չունենք, տրամարդությունը շատ լավ է, մարտական` ինչպես միշտ: Այս պահին Էդգար Ստեփանյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 21-րդն է: Եթե ամեն ինչ հաջող լինի եւ 300 միավորի լրացում լինի մեր ունեցած միավորներին, ուրեմն արդեն մեր ամբողջ ներուժը կդնենք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլին: Ամեն ինչ կախված է Պորտուգալիայի մրցաշարից»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով