17:55  ,  11 դեկտեմբերի, 2017

Մոուրինյոյի հրահրած ծեծկռտուքում դեմքի վնասվածք ստացած Արտետան խուսափել է լուսանկարվել (ֆոտո)

Մանչեսթերյան դերբիից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հրահրած ծեծկռտուքում բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հարվածի հետեւանքով հոնքի պատռվածք ստացած «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի օգնական Միկել Արտետան հաջորդ օրը ակումբային մարզաբազայի մուտքի մոտ ափով ծածկել է դեմքը՝ խուսափելով լուսանկարվելուց, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական եւ իսպանական մամուլի տվյալներով, մանչեսթերյան դերբիից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել հանդերձարանում: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները շատ բուռն են տոնել 2:1 հաշվով հաղթանակը «Օլդ Տրաֆորդում», ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը գնացել է մրցակցի հանդերձարան եւ հայտնել դժգոհությունը, ինչից հետո «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պորտուգալերեն սկսել է վիճել մարզիչի հետ: Զայրացած Մոուրինյոն ջրի շշով հարվածել է դարպասապահի գլխին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում: 

Հիշեցնենք, որ մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: 

Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս