18:15  ,  11 դեկտեմբերի, 2017

ՕԽ-2018. Սերգեյ Միքայելյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր

Թե քանի օլիմպիական ուղեգիր կունենանք դահուկային սպորտում, պարզ կլինի հունվարի 20-ին, իսկ այժմ հստակ է միայն մեր առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանի մասնակցությունը 2018թ. Օլիմպիական խաղերին, քանի որ նա կարողացել է վաստակել համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայաստանի առաջատար դահուկորդը մինչեւ ՕԽ-ն չի մասնակցի մրցաշարերի, քանի որ ունի ծնկի հոդի վնասվածք եւ այժմ վերականգնողական փուլում է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

«Մեր մրցաշրջանը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից: Դահուկորդները Ֆինլանդիայում են, որտեղ անցկացրին առաջին ուսումնամարզական հավաքը: Այնտեղ մասնակցել են նաեւ վարկանիշային մրցաշարերի: Հունվարի 12-14-ը Ծաղկաձորում կանցկացնենք դահուկավազքի Հայաստանի առաջնություն, որը եւս վարկանիշային է: Ի դեպ սա մեր դահուկորդների վերջին վարկանիշային մեկնարկն է լինելու Օլիմպիական խաղերից առաջ:

Հայաստանի առաջնությունից հետո Միքայել Միքայելյանը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը:

Լեռնադահուկորդներից այժմ Ծաղկաձորում հավաք են անցնում Հարություն Հարությունյանը եւ Վազգեն Առաքելյանը: 2 մարզիկներն էլ պատրաստվում են դեկտեմբերի 18-24-ը Չեռնոգորիայում կայանալիք զարգացող երկրների գավաթի խաղարկությանը, կունենան 4 մեկնարկ: Դրանից հետո կշարունակեն պայքարը վարկանիշային մրցաշարերում մինչեւ հունվարի 20-ը:

Միջազգային ֆեդերացիայի կողմից հունվարի 20-ին կհրապարակվեն ազգային ֆեդերացիաներին տրվող օլիմպիական ուղեգրեր բոլոր դահուկային մարզաձեւերի համար:

Օլիմպիական խաղերից հետո մեր վարկանիշային մրցաշարերը շարունակվելու են: Առաջին անգամ Աշոցքում մարտին անցկացվելու է դահուկավազքի վարկանիշային մրցաշար: Նպատակ ունենք Աշոցքը դարձնել Հայաստանի առաջնությունն անցկացնելու երկրորդ վայր»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով