14:18  ,  11 դեկտեմբերի, 2017

Հայաստանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող մարզիկերի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ 2018 թվականի հունվարի 30-31-ը Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող մարզիկերի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը: Համագործակցության համաձայանագիրը ստորագրվեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Գագիկ Սարգսյանի՝ դրանով մեկնարկ է տրվում հաշմանդամային սպորտի զարգացմանը Հայաստանում:

«Սա պատմական պահ է՝ հատկապես Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացման համար: Ինքս հորդորում եմ մեր մյուս մարզաձեւերի ֆեդերացիաներին համագործակցություն սկսել հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ: Այս գործընթացով մենք նպաստում ենք Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմանը, հաշմանդամություն ունեցող մարզիկներին ավելի մեծ ուշադրության արժանացնելուն եւ մեծ թվով մրցաշարերին ընդգրկելուն: Այս առիթով նախաձեռնել ենք Հայաստանում առաջին անգամ անցկացնել պարալեռնադահուկի միջազգային մրցաշար, որը կկայանա հունվարի 30-31-ը Ծաղկաձորում: Նախ կացկացվի լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնություն, ապա նաեւ պարալեռնադահուկի մրցաշար, որում հաշմանդամություն ունեցող մարզիկները կպայքարեն հատուկ ոլորավայրէջք ձեւում: Միջազգային մրցաշարի տեխնիկական սպասարկողը լինելու է պարալիմպիկ կոմիտեի ձմեռային մարզաձեւերի վարչության նախագահը, ով Հայաստանում կանցկացնի պարադահուկային մարզաձեւերի զարգացմանն ուղղված սեմինար»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նպատակ ունի համագործակցության հուշագրեր ստորագրել մի շարք մարզաձեւերի ֆեդերացիաների հետ: Դրա շնորհիվ նա հույս ունի ավելի մեծացնել պետական աջակցությունը հաշմանդամային սպորտին:

«Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցություն վաղուց ունեինք, ուղղակի այս հուշագրի ստորագրմամբ օրինականացրեցինք այն: Հայաստանում անցկացվելու է լեռնադահուկի միջազգային մրցաշար, որին կմասնակցի 12 մարզիկ Հայաստանից: Կլինեն մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Լեհաստանից, Իրանից: Հրավերներ ենք ուղարկել հարեւան եւ եվրոպական երկրներին: Հույս ունեմ, որ առաջին անգամ անցացկվող այս մրցաշարը հետաքրքիր կլինի եւ ամենամյա կդառնա: Այս տարի իրականացրեցինք մեծ ծրագիր, որը կոչվում էր «Ես դա կարող եմ»: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հրատարակել էր հաշմանդամային սպորտի մասին գիրք, որը մենք թարգմանցեինք հայերեն եւ տարածեցինք միջնակարգ դպրոցներում: Գրքում մանրամասն ներկայացվում է, թե ինչ է հաշմանդամային սպորտը եւ քանի ձեւեր են մտնում հաշմանդամային սպրոտում: Հուշագրեր կստորագրենք բասկետբոլի, լողի, աթելտիկայի եւ մի շարք այլ մարզաձեւերի հետ: Մեր նպատակն է այս համագործակցությունների շնորհիվ պետության ուշադրությունն առավել սեւեռել հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա եւ ավելացնել պետության կողմից տրամադրվող բյուջեն հաշմանդամ մարզիկների համար: Ծաղկաձորյան մրցաշարից հետո կնախապատրաստվենք 2018 ձմեռային Պարալիմպիկ խաղերին, որին այս պահին մասնակցության իրավունք ունի դեռեւս միայն մեկ մարզիկ` Սասուն Հակոբյան: Գուցե եւս մեկ մարզիկ իրավունք ստանա Պարալիմպիկ խաղերին մասնակցելու, բայց դեռ վերջնական պարզ չէ»,- նշեց Հակոբ Աբրահամյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում