09:41  ,  11 դեկտեմբերի, 2017

Խոսեպ Գվարդիոլա. Հավատում էի, որ Պրեմյեր լիգայում հնարավոր է խաղալ այսպիսի ֆուտբոլ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:1 հաշվով:

«Մենք կարող ենք այսպիսի ֆուտբոլ խաղալ նաեւ Անգլիայում: Մարդիկ ասում էին, որ Պրեմյեր լիգայում հնարավոր չէ խաղալ այնպես, ինչպես «Բարսելոնայում» էր: Սակայն դա հնարավոր է, եւ մենք արեցինք դա: Ես գիտեի դա նախորդ մրցաշրջանում: Միշտ մտածել եմ, որ մենք կարող ենք: Ամեն րոպե պետք է խաղալ այնպես, ինչպես ցանկանում ես, քանի որ ֆուտբոլն այդքան գեղեցիկ է: Երջանիկ եմ, որ «Սթեմֆորդ Բրիջում» ու «Օլդ Տրաֆորդում» խաղում ենք այդպիսի ֆուտբոլ եւ հաղթում:

Ֆուտբոլն աներեւակայելի է ու անկանխատեսելի: Այս հաղթանակն ընդգծում է մեր վստահությունը սեփական ուժերին: 3 օր հետո խաղալու ենք Սուոնսիում: Մենք դեռ հանդիպելու ենք դժվարությունների: Հնարավոր չէ չեմպիոն դառնալ դեկտեմբերին, բայց մեզ համար ամեն բան դեռ հաջող է ընթանում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: 

Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում