17:20  ,  11 դեկտեմբերի, 2017

Ինչո՞վ է զբաղվում «Արարատի» նախկին ավագը ԱՄՆ-ում

«Արարատի» նախկին ավագ և գործադիր տնօրեն, թիմի կազմում ավելի քան 300 հանդիպում անցկացրած Արթուր Մինասյանը վերջին շրջանում գտնվում է ԱՄՆ-ում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանի հետ:

«Երկու անգամ այցելել էի ԱՄՆ` 2006-ին եւ 2016-ին: Առաջին դեպքում, ժամանել էի այստեղ ազգային հավաքականի կազմում, իսկ երկրորդ դեպքում` «Արարատի» գործադիր տնօրենի կարգավիճակով: Այս անգամ շրջագայում եմ ԱՄՆ-ում ընտանիքիս հետ:

Սա իմ համար նոր մարտահրավեր է: Դիտում եմ բազմաթիվ խաղեր` ՄԼՍ-ից մինչեւ երրորդ լիգա, հանդիպում եմ նախկին ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Իմ հիմնական նպատակը տաղանդավոր խաղացողներ հայտնաբերելն է` թե հայ եւ թե այլազգի:

Կալիֆորնիայում մեծ հայկական համայնք և բազմաթիվ հայազգի ֆուտբոլիստներ կան: Այդ խաղացողների հետ հետեւողական աշխատանք տանելու դեպքում նրանք կարող են մեծ առաջընթաց գրանցել եւ նույնիսկ դառնալ ազգային հավաքականի թեկնածուներ:

Ներկայումս առաջարկներ ունեմ մի քանի ֆուտբոլային դպրոցներից եւ ակադեմիաներից»,- նշեց Մինասյանը:

Արթուր Մինասյանը որոշ ընդմիջումներով հանդես է եկել «Արարատի» կազմում 1999-ից 2013 թթ. Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա ստանձնեց ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում