19:45  ,  9 դեկտեմբերի, 2017

Սպորտի փոխնախարար. Լավագույն տասնյակի թեկնածուների թվում ընդգրկվել են նաեւ Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած մարզիկներ

Այս տարի լավագույն 10 մարզիկներն ընտրվելու են ոչ միայն իրենց արդյունքների, այլ նաեւ Հայաստանին ճանաչում բերելու շնորհիվ, ինչպես օրինակ` Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն տասնյակը կընտրեն 23 մարզական լրագրողներ ու հանրությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:

Երկար տարիներ լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունն անցկացրել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Ինչո՞ւ որոշվեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայից վերցնել քվեարկությունը եւ անցկացնել Սպորտի նախարարության կողմից:

Ուզում եմ փաստել, որ որեւէ մեկից որեւէ բան չի վերցվել: Յուրաքանչյուր կազմակերպություն, ֆեդերացիա կարող է նախաձեռնել եւ անցկացնել իր լավագույն մարզիկների հնգյակի, տասնյակի ընտրությունը:  Նույն կերպ նախարարությունը իրավունք ունի որոշակի խաղի կանոնների սահմանմամբ իրականացնել լավագույն մարզիկների տասնյակի ընտրություն: Սա որեւէ մեկի դեմ ուղղված չէ: Նախորդ տարի լավագույն տասնյակի ձեւավորման շրջանում ականատես եղանք որոշակի անառողջ մթնոլորտի հասարակության շրջանում: Դրա վառ ապացույցը եղավ այն, որ մարզական լրագրողների կողմից կազմակերպված եւ ձեւավորված տասնյակը ոչ լիարժեքորեն ընդունվեց հասարակության կողմից:

Այս իրավիճակը ինչ-որ առումով վերագրվեց սպորտի նախարարությանը, ՀԱՕԿ-ին: Այդ պատճառով նախարար Հրաչյա Ռոստոմյանը ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ, որ մտահոգված են ստեղծված անառողջ մթնոլորտով եւ նախարարությունը հանձն է առնում թափանցիկ քվերակություն կազմակերպել: Քննարկումների արդյունքում հասկացանք, որ նախարարությունը կարող է ստեղծել բոլորի համար ընդունելի խաղի կանոններ, դրանց պահպանման հսկողություն անցկացնել, համագործակցել բոլոր ֆեդերացիաների հետ եւ ձեւավորել տասնյակ, որն ընդունելի կլինի թե հանրության, թե մասնագետների կողմից:  

Ես չեմ կարող պնդել, որ մեր քվերակության արդյունքում կարող է ձեւավորվել բացարձակ արդյունք, բայց քվեարկության թափանցիկությունը պահպանելով՝ տարակարծություններից զերծ տասնյակ կստանանք:

Նման խոչընդոտներ ու տհաճ մթնոլորտ եղել է ամեն տարի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո: Ինչո՞ւ միայն նախորդ տարի նախարարություն որոշեց կազմակերպել քվեարկությունը:

Այստեղ Հանրապետության նախագահի անուղղակի խոսքն իր դերն ունեցավ, որ ցանկացած մրցություն եւ արդյունք հասկանալի պետք է լինի: Երբ երկրի բարձրագույն իշխանությունը նման անուղղակի վերաբերմունք է դրսեւորում ոչ անառողջ գործընթացի նկատմամբ, պարզ է, որ պետության լիազոր ներկայացուցիչ մարմինը մտահոգություն պետք է հայտնի, թե ինչու է նման անառողջ մթնոլորտ ստեղծվել: Նախարարության ակտիվ ներգրավման դրդապատճառներից մեկն էլ եղել է հենց սա, եւ մենք դա չենք թաքցնում: Երկրի նախագահը թե որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ, որպես սպորտի մեծ սիրահար էապես կարեւորել է թափանցիկությունն ու արդարությունը:

Արդեն ներկայացվել է մարզիկների ցանկը: Ինչպե՞ս ձեւավորվեց 25  թեկածուներից բաղկացած  ցանկը:

Մենք սերտ համագործակցեցինք 31 ֆեդերացիաների հետ, ունեցանք 25 թեկնածուներից կազմված ցանկ: Յուրաքանչյուր ֆեդերացիայի հետ քննարկումների եւ սպորտի նախարարության առաջարկված լավագույն մարզիկների կազմերի համադրման արդյունքում առանձնացվեցին 25 մարզիկներ: Որեւէ մարզաձեւ կամ մարզիկ դուրս չի մնացել: Կարծում եմ՝ այն ցուցակը, որը ստացել ենք, ընդունելի կլինի բոլորի համար: Նախապայմաններն էին` սպորտային բարձր արդյունքներ` աշխարհի, Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշարերում նվաճումներ եւ առաջին անգամ այս քվեարկության շրջանակներում կիրառվող նախապայման` Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած մարզիկներ, որոնք հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո. օրինակ` Հենրիխ Մխիթարյան կամ Գեւորգ Ղազարյան: Կարծում եմ, այսպես ավելի արդար քվեարկություն կլինի:

Նախորդ տարիներին թեկնածուների ցանկը կազմվում էր անհայտ ճանապարհներով` բացարձակապես հիմնված միայն ցուցանիշների վրա, ինչն էլ առաջացնում էր կոնֆլիկտ: Եվ հենց այդ արդյունքները չեն ընդունվում հասարակության կողմից, քանի որ քվեարկող լրագրողները մտածում էին այլ բան, հասարակությունը` մեկ այլ բան:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի լավագույն տասնյակը հայտարարելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննադատել է արդյունքները: Այս տարի ինչպիսի՞ն է ՀՖՖ-ի հետ համագոործակցությունը:

Մենք անվանական աշխատել ենք բոլոր ֆեդերացիաների հետ, այդ թվում եւ ֆուտբոլի ֆեդերացիայի: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Մենք խոսել ենք այն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է անցկացնենք քվեարկությունը: Ռուբեն Հայրապետյանի դիրքորոշումը եղել է այն, որ արդար, թափանցիկ ընտրության, քվեարկության կազմակերպման պարագայում որեւէ խնդիր եւ հակասություն ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից չի ծագի: Նախարարության անունից վստահեցրել եմ, որ ամեն ինչ անելու ենք արդար, թափանցիկ քվեարկություն անցկացնելու համար: Այժմ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ցանկում ներկայացված է Հենրիխ Մխիթարյանը եւ հաճելի պատահականությամբ մեր առաջատար ֆուտբոլիստը հանգրվանել է 18 համարի տակ, որի ներքո հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Այս տարի առաջին անգամ քվեարկությանը մասնակցելու է նաեւ հասարակությունը` sms քվեարկության միջոցով:

Որպեսզի հանրությունն էլ իր մասնակցությունն ու ձայնն ունենա լավագույն տասնյակի ընտրության հարցում, այս տարի առաջին անգամ քվերակություն կանցկացնենք նաեւ sms-ների միջոցով: Ձայների բաշխումը լինելու է 50-50:  

Sms քվեարկությունը սկսվելու է դեկտեմբերի 11-ին եւ կշարունակվի մինչեu դեկտեմբերի 25-ը: Կգործի մեկ հեռախոսամար` 10-06 , որին կարող են քվեարկել մեկ հեռախոսահամարից մեկ sms:  Հաղորդագրության դաշտում հարկավոր է նշել թեկնածուների համարները: Մեր ցանկում այբենական կարգով գրված են 25 թեկնածուների անունները: Օրինակ` Հենրիխ Մխիթարյանը 18-րդն է: 10-06 համարին հարկավոր է ուղարկել նախընտրած թեկնածուի միայն համարը. տվյալ պարագայում` 18:

Մարզական լրագրողների քվեարկությունը կայանալու է դեկտեմբերի 25-ին` ժամը 16:00-ից 18:00: Հենց այն նույն ժամին, երբ ավարտվելու է sms քվեարկությունը: Անմիջապես քվեարկությունից հետո մեկ ժամվա ընթացքում կհայտարարվեն արդյունքները:

Լրագրողների քվեարկությունը լինելու է ուղիղ հեռարձակմամբ` տեսախցիկները ֆիքսելու են` ով քվեարկեց եւ ում օգտին: Լրագրողների քվեարկության կարգն էլ է փոխված: 23 լրագրող է հավատարմագրվել:

Փոխվել է նաեւ մրցանակաբաշխության կարգն ու վայրը:

Փորձել ենք ամեն ինչ անել այնպես, ինչպես ընդունված է աշխարհում. պաշտոնական եւ դասական: Մրցանակաբաշխությունն այլեւս ճաշկերույթով չի ուղեկցվի: Կանցկացվի Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Խնդրել ենք, որ բոլոր մարզիկները ներկայանան դասական կոստյումներով: Համերգային մասն էլ կլինի դասական: Նախ՝ մրցանակներ կհանձնի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կլինեն հատուկ արձանիկներ իրենց անուններով, ապա ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես ամեն տարի իր նվերները կհանձնի, եւ վերջում երկրի նախագահը կհանձնի նախագահի կողմից նշանակված թոշակներն ու պարգեւավճարները: Այս ամենից հետո նոր կլինի ընդունելություն: Սա ընդունված կարգ է ամբողջ աշխարհում: Նախնական՝ մրցանակաբաշխությունը նշանակված է դեկտեմբերի 27-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով