19:46  ,  8 դեկտեմբերի, 2017

Իրինա Սլուցկայան՝ Երեւանում. Հայ երեխաները մեծ ներուժ ունեն եւ կարող են դառնալ մեծ գեղասահորդներ (ֆոտոշարք)

Ես գիտեմ, որ Հայաստանում ուշ է սկսել զարգանալ գեղասահքը, բայց այսօր սառույցի վրա իմ տեսածը, ինձ շատ գոհացրեց: Հայ երեխաները մեծ ներուժ ունեն եւ կարող են դառնալ մեծ գեղասահորդներ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ռուս գեղասահորդուհի , մենասահքի օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սուցկայան, որը մեկօրյա այցով Հայաստանում է: Այցելության նպատակը Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում ավելի քան 50 երեխաների հետ բաց վարպետության դաս անցկացնելն էր:

«Ինձ այսօր շատ դուր եկավ հայ երեխաների հետ աշխատանքը: Ես գիտեմ, որ այս երեխաները եւ առհասարակ Հայաստանում գեղասահքով զբաղվողները կարճ ժամանակ են մարզվում, բայց ինձ հաճելի զարմացրին սառույցի վրա: Հատկապես, մի քանիսն ինձ ուղղակի հիացրին, քանի որ հրաշալի էին սահում եւ նրանց մոտ ստացվում էր ամեն ինչ: Ես այսօր փորձեցի իմ որոշակի ներդրումն ունենալ Հայաստանում գեղասահքի զարգացման հարցում,  երեխաներին սովորեցրեցի ինչպես ճիշտ կանգնել, սահել, նոր տարրեր, հին տարրեր, որոնք իրենք արդեն գիտեին: Ես տեսա այս երեխաների հետ տարված մեծ աշխատանք: Մարզչական խումբն ինձ շատ ուրախացրեց. Բոլորը երիտասարդ հեռանկարային մարզիչներն են ու շատ սիրով են զբաղվում երեխաների հետ:

Ամեն ինչ հրաշալի անցավ եւ հուսամ արդյունավետ: Անհամբերությամբ կսպասեմ այս սերնդի հայ գեղասահորդների մեծ արդյունքներին, որոնք վստահ եմ` լինելու են»,- ասաց Իրինա Սլուցկայան:

Անվանի գեղասահորդունի յուրաքանչյուր երեխայի հետ առանձին աշխատեց, նոր տարրեր, պտույտներ սովորեցրեց: Գեղասահորդուհուն խնդրեցին առանձին մեկ համար ցուցադրել ներկա ծնողների եւ երկրպագուների համար, չեմպիոնուհին հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ եթե ինքը երեխաների հետ է, ուրեմն միայն նրանցով պետք է զբաղվի:

Աշխարհի կրկնակի չեմպիոնը շտապում էր լքել մարզադպրոցի սաներին, բայց փոքր գեղասահորդները նրան բաց չէին թողնում. բոլորը ցանկանում էին նրա հետ լուսանկարվել եւ ստորագրություն վերցնել: Չնայած Իրինա Սլուցկայային սպասում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նա մարզադպորցի բոլոր սաների հետ առանձին լուսանկարվեց, ինքնագրեր բաժանեց, իսկ վարպետության դասի բոլոր մասնակիցները պատվոգրեր ստացան մասնակցության համար:

Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ այսօր երեկոյան բացվելու է Երեւանի «Կարապի լճի» սահադաշտը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով