21:52  ,  6 դեկտեմբերի, 2017

Դավիթ Թորոսյան. Հաղթանակներով ու ձեռքբերումներով լի տարի էր հայկական բռնցքամարտի համար

Այն հաջողություններն ու հաղթանակները, որոնք ունեցանք այս տարի, վերջին 10-ամյակում չէինք ունեցել: Հայկական բռնցքամարտը վերածնունդ է ապրում, եւ դա նկատում է ամբողջ աշխարհը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն՝ ամփոփելով անցնող տարին:

Պարոն Թորոսյան, ինչպիսի՞ն էր 2017 թվականը հայկական բռնցքամարտի համար:

Հագեցած, հաղթանակներով ու ձեռքբերումներով լի: Այս տարի մենք ունեցանք Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, մի շարք մրցաշարերի մասնակցեցինք, բազմաթիվ մեդալներ նվաճեցինք: Լավ արդյունքներ գրանցեցինք: Երիտասարդները նույնպես մեդալներով վերադարձան մրցաշարերից: Շատ հագեցած էր այս տարին մեզ համար: Անթիվ մրցաշարեր ունեինք ինչպես սիրողականում, այնպես էլ պրոֆեսիոնալում: Այն արդյունքները, որ ունեցանք այս տարի, երկար տարիներ չէինք ունեցել: Ինձ գոհացնում են այս արդյունքները:

Սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտը չեմ առանձնացնում: Որքան հաղթանակներ ունեցանք, այդ ամենը մեր ամբողջ թիմինն է, երկրինն է, ֆեդերացիայինն է:

Օրերս եւս մեկ մրցաշարի մասնակցեցինք՝ Լեհաստանի Կիելցե քաղաքում Լեշեկ Դրոգոշի անվան: Հանդես եկանք 5 բռնցքամարտիկով, այդ թվում եւ պրոֆեսիոնալում այժմ հանդես եկող Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը: 5 բռնցքամարտիկներն էլ մեդալներ նվաճեցին՝ Գոռ Երիցյանը դարձավ չեմպիոն, Արամ Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր, Նարեկ Մանասյանն ու Կորյուն Սողոմոնյանը եւս ոսկե մեդալներ նվաճեցին: Այս մրցաշարին մասնակցեց նաեւ Անուշ Գրիգորյանը եւ նվաճեց արծաթե մեդալ:

Սա սիրողական բռնցքամարտի միջազգային մրցաշար էր, որին նպատակային մասնակցեցին Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը: Մեր մյուս ուժեղագույն բռնցքամարտիկը՝ Նարեկ Աբգարյանը չկարողացավ մասնակցել վիզայի հետ կապված խնդրի պատճառով:

Ի դեպ, մեր այս բռնցքամարտիկները վերջերս Իտալիայի Վալենսիա քաղաքում հաղթանակներ էին տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Իսկ արդեն Լեհաստանում նրանք կրկին իրենց ուժերը փորձեցին սիրողականում՝ 3 ռաունդներում: Գոռ Երիցյանը փայլուն հաղթանակ տարավ, Արամ Ավագյանը երրորդ տեղ զբաղեցրեց, քանի որ իր քաշային կարգում չէր հանդես գալիս:

Պրոֆեսիոնալում հադես եկող բռնցքամարտիկները շարունակելո՞ւ են հանդես գալ նաեւ սիրողականում:

Միանշանակ. հանդես են գալիս եւ շարունակելու են հանդես գալ, քանի որ հեռու ապագայում Օլիմպիական խաղերն են, եւ մենք պետք է պատրաստվենք Խաղերին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ լավ փորձ է մեր մարզիկների համար, որպեսզի նրանք մշտապես մնան իրենց մարզավիճակում, փորձ ձեռք բերեն, պատրաստ լինեն պայքարելուն: Սիրողականում կշարունակեն հանդես գալ, որպեսզի 8-10-ռաունդանոց մենամարտերից 3-ռաունդանոցի անցումը հեշտ ստացվի: Մենք ամեն գնով պետք է աշխատենք Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում ուժեղ կազմով հանդես գալ, քանի որ արդեն ժամանակն է, որ օլիմպիական մեդալ նվաճենք եւ մեծ մեդալ: Վստահ ասում եմ՝ արդեն ժամանակն է, քանի որ հայկական բռնցքամարտն իսկապես վերածնվել է եւ արդեն հաղթանակներն ու հաջողությունները խոսում են դրա մասին:

Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում հաճելի զարմանք ապրեցի. այնտեղ հայ բռնցքամարտիկները մեծ թվով երկրպագուներ ունեին եւ ոչ ազգությամբ հայ: Արդեն երբ վերադարձանք Հայաստան եւ հետեւեցի նաեւ մենամարտերի տեսագրություններին, շատ զարմացա. օտարազգի մեկնաբաններն արդեն շատ լրջորեն են խոսում հայկական բռնցքամարտի մասին, մեր մարզիկներին շատ լավ են ներկայացնում, անուններով են խոսում, նույնիսկ մի քանի տեղ իմ անունը հիշատակվեց, ինչն այդքան էլ ինձ դուր չի գալիս: Բայց ուրախացնում է այն փաստը, որ ամբողջ աշխարհն է նկատում հայկական բռնցքամարտի վերածնունդը: Սա մեր նպատակն է՝ իմ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի եւ ֆեդերացիայի: Մենք հանձն ենք առել ցեխից հանել հայկական բռնցքամարտը, վերադարձնել այն համբավն ու անունը, որն ուներ նախկինում հայկական բռնցքամարտը: Թե որքանով կստացվի, ցույց կտա ժամանակը: Ինչպես Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի, այնպես էլ իմ նպատակը հայկական բռնցքամարտի զարգացումն է, օլիմպիական լուրջ մեդալ նվաճելը: Մեզանից ոչ ոք այս ամենը չի անում իր անվան համար, սա մեր աշխատանքն է:

Այս ամենին զուգահեռ կան նաեւ խնդիրներ, Ձեր աշխատանքը քննադատողներ:

Շատերն են քննադատում ինձ, բայց ես իմ աշխատանքով այդ քննադատողներին կապացուցեմ, որ մենք կարող ենք հայկական բռնցքամարտում մեծ հաջողություններ ունենալ: Խնդիրներ կան: Առաջնայինը մարզիչների խնդիրն է: Սա գլոբալ խնդիր է, որը մեկ օրում կամ մեկ տարում հնարավոր չէ լուծել: Մենք ունենք հրաշալի բռնցքամարտիկներ, մեծ ներուժ, բայց երբեմն այդ մարզիկների աճելուն խանգարում են անձնական մարզիչները, ովքեր ոչ մի գնով չեն ցանկանում ընդունել նոր գաղափարները, նորամուծությունները: Մեծ մասը 50-60 տարեկան մարզիչներ են, որոնց մտածելակերպն ուղղակի հնարավոր չէ փոխել: Տեխնիկայի խնդիր չունենք, բոլորն էլ լավ մարզիչներ են, բայց այն գիտելիքները, որ նրանք ունեն, չեմ համապատասխանում մեր օրերին: Կան նաեւ այնպիսինները, որ երբ փորձում ես խեղդվող մարզիկին փրկել, հանկարծ մեկը նրա ոտքից քաշում է ներքեւ: Այս խնդրին լուծում տալը շատ բարդ է: Պետք է հույսներս դնենք եկող սերնդի վրա, որ նրանք կգան եւ ինչ-որ բան կփոխեն: Բայց նախքան այդ, պետք է լավ հիմք դրվի այդ սերնդի մեջ:

Այս տարի ունեցանք շատ ուսումնամարզական հավաքներ, որին ես մշտապես ընդգրկել եմ մեծ թվով բռնցքամարտիկների, երիտասարդների, որպեսզի հնարավորինս ճիշտ ուղու վրա դրվի այդ սերունդը: Բայց հավաքներից հետո, երբ մարզիկները վերադառնում են իրենց մարզիչների մոտ, ամեն ինչ խառնվում է իրար. տպավորություն է, թե «դզված» ողնաշարը կրկին «ծռում» են: Կարծես՝ մեր մարզիչներից շատերը օգնելու փոխարեն, դեռ մի բան էլ խոչընդոտում են: Մենք հավաքներից բացի կազմակերպել ենք թիմային մարզումներ «Օլիմպավանում», «Դինամոյում», նորից ընգրկել ենք մեծ թվով մարզիկների: Այս ամենը մի նպատակ ունի. հնարավորինս շատ աշխատել բռցնքամարտիկների հետ, նրանց ճիշտ ճանապարհով տանել, ճիշտ աճեցնել:

Մեծ աշխատանք է տարվում: Ինձ ոչինչ չի կանգնեցի այնքան ժամանակ, մինչեւ հասկանամ՝ իմ աշխատանքն արդյունք չի տալիս: Այդ ժամանակ ես բոլորին կառաջարկեմ իրարից բաժանվել բարիդրացիական հարաբերություններով եւ իմ տեղում այնպիսի մարդու դնել, որ արդյունավետ կաշխատի: Իսկ ինձ քննադատողները թող շարունակեն քննադատել: Այս տարի արեցինք այն, ինչ կարողացանք: Առջեւում 3 տարի դեռ ունենք մինչեւ Օլիմպիական խաղերը եւ եթե այս տեմպով շարունակենք, հաջողություն անպայման կունենանք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով