12:17  ,  6 դեկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյո. Խոստանում եմ, որ վիճակահանությամբ մեզ բաժին հասած թիմն ուրախ չի լինի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո խոսել է փլեյ-օֆֆի վիճակահանության մասին:

«Ես ամենահաջողակ մարդը չեմ վիճակահանությունների ժամանակ: Այդ պատճառով կլռեմ ու կսպասեմ վիճակահանությանը: Պետք է լավ սկսել մինչեւ փետրվարը, իսկ հիմա կենտրոնանալ Պրեմյեր լիգայի վրա: Մեզ բաժին հասած թիմը շատ ուրախ չի լինել: Ես դա խոսատնում եմ ձեզ:

Ինչ վերաբերում է մեր ռեկորդային շարքին, ապա չեմ հպարտանում դրանով: Ես թիմին դաշտ դուրս չեմ բերում ռեկորդների համար: Ցանկանում եմ մտնել պատմության մեջ՝ նվաճելով տիտղոսներ: Ամեն դեպքում, դա հաճելի է:

Մենք չէինք ցանկանում փլեյ-օֆֆ դուրս գալ վատ խաղով: Պետք է հասնել դրական արդյունքների: Մենք լավ խաղացինք եւ ցույց տվեցինք, որ չենք ցանկանում պարտվել: Հաճելի է փլեյ-օֆֆ անցնել 15 միավորով»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ խաղին: 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում