23:11  ,  5 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը: Ռուսաստանցի որեւէ պաշտոնյան չի ստանա օլիմպիական հավատարմագրում: Սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցմահ զրկվել է Օլիմպիական խաղերի հավատարմագրումից:

Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: 

Ռուսաստանցի մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

ՄՕԿ-ի որոշման հիմքում Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:

2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից 25-ը կընդունի Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում