21:51  ,  5 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Պատկերացում չունեմ, թե ամեն ամիս ինչքան գումար եմ ստանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի նկարահանած վավերագրական ֆիլմում պատմել է, որ ժամանակին առաջարկ է ունեցել «Սպարտակից» եւ «Անժիից», սակայն չի ցանկացել հետընթաց ունենալ:

«Այն ժամանակ ես չէի ցանկանում հեռանալ «Շախտյորից»: Դա կլիներ մի քայլ հետ, իսկ ինձ անհրաժեշտ էր քայլ առաջ կատարել, քանի որ «Շախտյորից» հետո ավելի ուժեղ ակումբում եւ առաջնությունում խաղալու ժամանակն էր:

Ես երբեք ուշադրություն չեմ դարձրել ֆինանսական պայմաններին: Եթե մտածես այդ մասին, ֆուտբոլը կնահանջի երկրորդ պլան: Միշտ մտածել եմ, որ առաջատար թիմերում խաղալու եւ լավ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում, գումար կլինի բանկային հաշվիդ: Մինչեւ հիմա չգիտեմ, թե ստույգ ինչքան եմ վաստակում: Պայմանագրի գումարը գիտեմ, բայց պատկերացում չունեմ, թե ամեն ամիս ինչքան եմ ստանում: Դա այդքան էլ կարեւոր չէ: Գլխավորը խաղալն է եւ հաճույք ստանալը: Դեռ 28 տարեկան եմ, ցանկանում եմ եւս մի քանի տարի խաղալ ամենաբարձր մակարդակի վրա, հետո մտածել գումար վաստակելու մասին:

Կարծում եմ՝ Հայաստանի գլխավոր դեսպանը Ազնավուրն է: Նրա արածը Հայաստանի համար շատ ավելին է, քան իմ արածը: Կան մարդիկ, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, հետաքրքրվում են մշակույթով: Նրանց ավելի մոտ է Ազնավուրը:

Ամենագլխավորը շատ տիտղոսներ նվաճելն է, քանի որ ֆուտբոլային կարիերայի վերջում կհիշեն միայն տիտղոսներդ:

Անկեղծ ասած, մտածում եմ զբաղվել այն գործով, որը կարող է օգուտ տալ երեխաներին: Կարելի է դառնալ մարզիչ, հնարավոր է՝ մեկ այլ ոլորտում: Ցանկանում եմ իմ մտքերով, իմ օգնությամբ աջակցել երեխաներին: Երեխաներին հորդորում եմ երբեք չբավարարվել նվաճումներով: Փողը ապագա չէ: Ապագան այն է, ինչով կզբաղվեք: Հավատացեք ձեր ուժերին եւ երբեք դադար մի վերցրեք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն:

Հայ ֆուտբոլիստը պատմել էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվողի հետ իր հարաբերությունների մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում