16:47  ,  29 հուլիսի, 2012

Ալբերտ Ազարյան. Արթուր Դավթյանը վնասեց ոտքը եւ ցույց չտվեց ամբողջ ուժը

Արթուրը դեռ շատ երիտասարդ է: Ես նրանից հաջող ելույթի եւ լավ արդյունքի եմ սպասում հաջորդ Օլիմպիական խաղերում, քանի որ այդ Խաղերում ավելի լավ պատրաստված կլինի:

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած միակ մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթը այսպես մեկնաբանեց Հայաստանի եռակի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

Արթուր Դավթյանը ոտքի վնասվածքի պատճառով չկարողացավ հաջող հանդես գալ մարմնամարզության որակավորման փուլում:

Բազմամարտում Արթուր Դավթյանը 41 մարզիկների պայքարում գրավեց 36-րդ տեղը: Միայն 28 լավագույններն են շարունակում պայքարը։ Առանձին վարժություններում եւս Արթուր Դավթյանը չմտավ եզրափակիչ՝ ոչ մի վարժությունում ցույց չտալով 8-րդ արդյունքը. նժույգ՝ 33-րդ տեղ, օղակներ՝ 64-րդ տեղ, հենացատկ՝ 15-րդ տեղ, զուգափայտ՝ 47-րդ տեղ, պտտաձող՝ 60-րդ տեղ, ազատ վարժություններ՝ 57-րդ։

Արթուր Դավթյանի ելույթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Ալբերտ Ազարյանը:

Պարոն Ազարյան, ինչպե՞ս կգնահատեք Արթուր Դավթյանի ելույթը:

Նա շատ երիտասարդ է: Ընդամենը 19 տարեկան է: Սա նրա առաջին մասնակցությունն է Օլիմպիական խաղերին: Նրա ելույթը նորմալ էր: Բայց իր առաջին օլիմպիական մրցելույթում նա ոտքը վնասեց եւ չկարողացավ ցուցադրել իր ամբողջ ունակությունները: Վատ չի մասնակցել…

Մեր բոլոր հույսերը հաջորդ Օլիմպիական խաղերից են: Այդ ժամանակ նա լիարժեք պատրաստված կլինի եւ հաջող ելույթ կունենա:

Այս Օլիմպիական խաղերում նրա հետ կապված հույսեր չունեի՞ք:

Հույս դնելը հարաբերական է: Ոչ ոք չի կարող ասել, թե մարզիկը ինչպես կմասնակցի: Օլիմպիական խաղերը ոչ աշխարհի առաջնություն է, ոչ Եվրոպայի եւ ոչ էլ որեւէ միջազգային մրցաշար: Սա Օլիմպիական խաղեր են, որոնց մարզիկը տրամադրվում է ամբողջովին այլ հոգեբանությամբ եւ հաղթանակի բերկրանքով: Սա ամենախիստ մրցումն է: Ոչ ոք չի կարող ասել, որ Արթուր Դավթյանը անպայման պետք է հաղթեր: Այն, ինչ ցուցադրեց Արթուրը, լավ էր: Բայց եթե մենք մեզ հետ ունենային բժշկական անձնակազմ եւ նրա ոտքին առաջին բուժօգնություն ցուցադրվեր, նա կշարունակեր եւ ավելի հաջող ելույթ կունենար:

Հայաստանի պատվիրակությունն ունի բժշկական անձնակազմ: Ինչո՞ւ համապատասխան օգնություն ցույց չեն տվել այդ պահին:

Կան բժիշկներ, բայց նրանք այդ պահին ուրիշ մարզաձեւի մրցատարածքում էին: Երեւի չէին պատկերացրել, որ մեր մարմնամարզիկը կարող է վնասվածք ստանալ: Արդեն երեկոյան Արթուրը բուժզննում անցավ եւ նա արդեն նորմալ քայլում է: Ամեն դեպքում ուրախ եմ, որ նա մասնակցեց եւ սպասելիքները մեծ են նրանից հաջորդ Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս