15:35  ,  29 հուլիսի, 2012

Օլիմպիական Անահիտ Բարսեղյան. Ավելի լավ արդյունք էի ակնկալում

Իմ ելույթից գոհ եմ, սահմանեցի Հայաստանի ռեկորդ: Ճիշտ է, պայքարից դուրս մնացի, բայց կարեւորը` վերջին տեղը չեմ զբաղեցնի:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր ելույթը մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի կանանց մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Բարսեղյանը:

Նշենք, որ թիկնալողի 100 մետրում Անահիտ Բարսեղյանն իր լողահերթում հինգ մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից: Ընդհանուր հաշվարկում Անահիտ Բարսեղյանը 1:08.19 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 44-րդ տեղը:

Անահիտ, սա քո առաջին օլիմպիական ելույթն էր: Ինչպե՞ս կգնահատես այն:

Լավ: Նույնիսկ շատ լավ, քանի որ Հայաստանի նոր ռեկորդ եմ սահմանել` 1:08:19 արդյունքով: Ճիշտ է, արդյունքն այն չէ, ինչ-որ ես էի ուզում, բայց էլի լավ էր… Առաջին անգամի համար լավ էր:

Իսկ այդ արդյունքը քեզ բավարարո՞ւմ է:

Ոչ… Ես ավելի լավ արդյունք էի ակնկալում: Չգիտեմ պատճառը որն էր, որ ավելի բարձր արդյունքի չհասա: Գուցե լարվածությունն էր պատճառը: Դժվարացա մի պահ:

Ի՞նչը խանգարեց ավելի բարձր արդյունք ցույց տալ:

Լարվածությունս խանգարեց: Մասնավորապես մինչեւ մեկնարկը շատ լարված էի: Չեմ զգացել ինչպես եմ կանգնել ստարտին, ինչպես եմ մեկնարկել:  Տարածության վերջում շատ դժվարացա, դժվարությամբ հասա եզրագիծ: Ամբողջ մարմնիս մկանները վերջում միանգամից ակնթարթորեն ծանրացան, քարացան: Չկարողացա վերջում արագություն հավաքել:

Քո հնարավորությունների սահմաներում հանդես եկա՞ր, թե՞ կարող էիր ավելին:

Ընդունակ էի ավելիին: Մրցակիցներս շատ ուժեղ էին: Չեմ սպասում լավ տեղի, բայց վերջինը չեմ լինի, հաստատ: Արել եմ այնքան, որքան կարողացել եմ:

Գո՞հ ես քո ելույթից:

Գոհ եմ: Ոչինչ… Չեմ ասում շատ գոհ եմ, բայց լավ է:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով