11:58  ,  1 դեկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Եզրափակիչ փուլի վիճակահանության անոնս

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Կրեմլի պալատում անցկացվելիք արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

32 հավաքականներ վիճակահանության արդյունքում կբաժանվեն 8 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Բացառությամբ ՈւԵՖԱ-ի, մեկ խմբում չեն կարող ընդգրկվել նույն կոնֆեդերացիայի 2 հավաքականներ: Նույն խմբում կարող են հայտնվել միայն 2 եվրոպական թիմեր, քանի որ Եվրոպան ունի 14 ներկայացուցիչ:

Խմբային փուլում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականները դուրս կգան 1/8 եզրափակիչ: Ընդհանուր առմամբ, առաջնությունում կանցկացվի 64 հանդիպում:

վիճակահանության հաղորդավարներն են ռուս լրագրող Մարիա Կոմանդնայան ու Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, որոնց կօգնեն համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղերը, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Շոուն կվարի Իվան Ուրգանտը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւս կմասնակցի արարողությանը, որին ներկա կլինի 1300 հյուր:

Վիճակահանության զամբյուղներ.

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա:

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով