11:41  ,  24 նոյեմբերի, 2017

Նիկշա Բավցեւիչը եւ Ալբերտ Թադեւոսյանը՝ Ալբանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մեկնաբանել է 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում Ալբանիայի թիմի նկատմամբ արտագնա հաղթանակը 80:63 հաշվով (28:18, 14:20, 23:16, 15:9): 

«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք հենց սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեեւ մինչեւ ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը եւ նույնիսկ առավելություն ստանալ, միեւնույն է՝ մենք կարողացանք արդյունավետ գործել:

Մրցակիցը օղակից անդրադարձող գնդակներին ավելի շատ էր տիրում, եւ դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց, ամեն դեպքում, մենք լավ հանդիպում անցկացրեցինք եւ ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:

Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադեւոսյանի հիանալի եւ արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- խորվաթ մասնագետի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տիրանայում կայացած խաղից հետո տպավորություններով կիսվել է նաեւ ռուսական ՄԳՈւ-ի խաղացող Ալբերտ Թադեւոսյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակել էր 23 միավոր եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

«Ստացվեց շատ հետաքրքրիր խաղ, որի մեծ մասը մենք առջեւում էինք: Մի պահ եղավ, երբ մրցակիցը կարողացավ հաշիվը հավասարվել եւ նույնիսկ առաջ անցնել, բայց ընդմիջմանը մենք նոր հանձնարարություններ ստացանք մարզիչից եւ կարողացանք ամեն ինչ այնպես անել, ինչպես ծրագրել էինք:

Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել եւ հույս ունեմ, որ հետագա խաղերում եւս հաղթելու ենք: Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին՝ չնայած ընդհամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել, բայց հավաքականների դեպքում դա նորմալ է, քանի որ շատ քիչ ժամանակ ունեն խաղացողները հավաքվելու համար:

Այս խաղից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի հավաքականին եւ պետք է կարողանանք հաղթանակ տանել նաեւ այդ խաղում: Կարծում եմ՝ Երեւանում կայանալիք Դանիայի դեմ խաղում մեզ կօգնեն նաեւ մեր երկրպագուները, ովքեր մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- նշել է Ալբերտ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ Եվրո-2021-ի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 26-ին Երեւանում կընդունի Դանիայի հավաքականին:

Ֆոտո՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում