21:23  ,  23 նոյեմբերի, 2017

«Յուվենտուսի» երկրպագուները հոտնկայս են ճանապարհել Ինյեստային

Շատ հաճելի է, որ երկու թիմերի երկրպագուներն էլ ինձ ճանապարհեցին հոտնկայս, ասել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից հետո:

82-րդ րոպեին Ինյեստային փոխարինել էր Ժորդի Ալբան: Թուրինյան թիմի երկրպագուները ծափահարություններով են ճանապարհել Ինյեստային:

«Ես հպարտ եմ եւ շատ երջանիկ, որ երկրպագուներն այդպես են վերաբերվում ինձ: «Բարսելոնան» լուծեց խնդիրը՝ արդեն նախավերջին տուրում ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը: Ամբողջ թիմը հրաշալի աշխատանք կատարեց եւ գերազանց դրսեւորվեց ուժեղ մրցակիցների հետ պայքարում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ Թուրինում տեղի ունեցած խաղում «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» խաղացել են ոչ ոքի՝ 0:0:

Փլեյ-օֆֆի ուղեգրեր արդեն ապահովել են նաեւ ՊՍԺ-ն, «Բավարիան», «Չելսին», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Բեշիկթաշը», «Տոտենհեմը» եւ «Ռեալը»:

Խմբային փուլի արգելքը հաղթահարելու շանսը դեռ չեն կորցրել «Մանչեսթեր Յունայթեդը», «Բազելը», ԲԿՄԱ-ն, «Ռոման», «Աթլետիկոն», «Յուվենտուսը», «Սպորտինգը», «Լիվերպուլը», «Սեւիլիան», «Սպարտակը», «Շախտյորը», «Նապոլին», «Պորտուն» եւ «ՌԲ Լայպցիգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում