10:55  ,  23 նոյեմբերի, 2017

Իբրահիմովիչի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, փոխարինման դուրս գալով շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում, սահմանել է բացառիկ ռեկորդ:

36-ամյա Իբրահիմովիչն առաջին ֆուտբոլիստն է, որ Չեմպիոնների լիգայում խաղում է 7 տարբեր ակումբներում, գրում է Daily Mail-ը:

Նախկինում շվեդ հարձակվողը Չեմպիոնների լիգայում հանդես էր եկել նաեւ Ամստերդամի «Այաքսի», Թուրինի «Յուվենտուսի», միլանյան «Ինտերի», «Բարսելոնայի», «Միլանի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կազմերում:

Հիշեցնենք, որ ծնկի ծանր վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 20-ից, եւ դաշտ վերադարձավ նոյեմբերի 18-ին՝ «Նյուքասլի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում հանդես գալով 13 րոպե:

«Բազելի» հետ խաղում Զլատանը փոխարինման էր եկել 74-րդ րոպեին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել էր վերջնամասում բաց թողած գոլի պատճառով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում մեկնել էր Շվեյցարիա, սակայն չէր հայտավորվել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում