21:24  ,  22 նոյեմբերի, 2017

Շախմատային տարվա ամփոփում ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանից

Ծաղկաձորում առաջին անգամ անցկացված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված կայծակնային խաղի մրցաշարն ու հայկական շախմատի տարի NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթողները հայտնի են, բայց այստեղ  հաղթանակը  եւ հաղթողները կարեւոր չէին: Կարեւորը մեր անվանի  շախմատիստի հիշատակին անցկացվող միջոցառումն էր, որը դարձավ իսկական շախմատային տոն: Շատ շախմատիստներ էին խաղում տարբեր երկրներից, հետաքրքիր մրցակցություն էր, համառ պայքար էր ընթանում: Ծաղկաձորի համար այս մրցաշարը մեծ նվեր էր: Նշեմ նաեւ, որ Հայաստանում առաջին անգամ կայծակնային շախմատի խոշոր մրցաշար անցկացվեց:

Այստեղ խաղում էին նաեւ մեր ուժեղագույն շախմատիստները: Հաղթող ճանաչվեց Արման Փաշիկյանը եւ շատ ուրախ եմ, որ հենց հայ գրոսմայստերներից մեկը դարձավ հուշամրցաշարի հաղթողը, քանի որ մասնակիցների թվում ունեինք այլ երկրների մեծ թվով գրոսմայտերներ, միջազգային վարպետներ»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Ծաղկաձորում առաջին անգամ անցկավում է նաեւ «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարը, որի բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարսգյանը:

«Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում կանցկացվի «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարը: Առաջին անգամ է անցկացվում այս մրցաշարը, որին մասնակցելու է 17 երկրից 156 շախմատիստ: Առաջին փորձի համար շատ մեծ ցուցանիշ է մասնակիցների այս քանակը: Մրցաշարը կանցկացվի Ա եւ Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի կանոններով»,- նշեց Սմբատ Լպուտյանը:

Ամփոփելով շախմատային տարին, ֆեդերացիայի փոխնախագահն այն գնահատեց շատ լավ:

«2017 թվականը շատ լավ ստացվեց մեզ համար, ունեցանք մեծ հաջողություն. Լեւոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր եւ ամենակարեւոր ձեռքբերումն ունեցավ՝ իրավունք նվաճեց մասնակցել մարտին կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Ունեցանք նաեւ անհաջողություն՝ Եվրոպայի թիմային առաջնությունում մեր տղաների պարտությունն էր: Հավաքականի անդամները չխացաղին այն ուժով, որը իրենք կարող են խաղալ: Մի քիչ լավ վիճակում չէր Սերգեյ Մովսեսյանը, ինչը խանգարեց ընթացքին: Կարծում եմ, Ադրբեջանից այդ պարտությունն իր ազդեցությունն ունեցավ: Մենք հուսահատված չենք. լինում են նման դեպքեր: Մենք ունենք լավ ռեզերվներ, եւ ես մեր ապագան դա եմ տեսնում, այդ պատճառով շատ հուսահատված չեմ:

Կանանց թիմը եւս հաջող հանդես եկավ այս տարի: Եվրոպայի թիմային առաջնությունում 9-րդ տեղը կանանց պայքարում վատ ցուցանիշ չէ Եվրոպայում: Կարեւորը, ես տեսնում եմ, որ մենք ունենք փոխարինողներ: Թե տղամարդկանց, թե կանանց հավաքականներում մեծ մասը արդեն մեծ տարիքի են եւ հարկն է նոր փոփոխությունների, իսկ փոխարինող սերունդը գալիս է»,- ամփոփեց Սմբատ Լպուտյանը:

Հիշեցնենք, որ Հունաստանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ գրավել էր 14-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս