18:25  ,  22 նոյեմբերի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Բոաթրայթը Հայաստանի թիմից հեռացվել էր ինձ վիրավորելու, մարզական ռեժիմը խախտելու համար

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Ռայան Բոաթրայթը ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչից եւ կմասնակցի Ալբանիայի դեմ առաջիկա ընտրական խաղին։

«Նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ես եւ ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար:

Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից եւ պետք է հեռանար նաեւ Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաեւ մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես եւ Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է հավաքականում նրա մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց թիմից եւ խնդրեց իրեն եւս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում:

Մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին եւ նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլեւս նման բան չի կրկնվի:

Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը եւ միմյանց հանդեպ հարգանքը շատ կարեւոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական եւ պետք է զգույշ լինենք մեր գործողություններում:

Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում կմրցի Ալբանիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում