13:57  ,  22 նոյեմբերի, 2017

Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց նախորդ խաղին, քանի որ մենք ունեինք շատ տարբերակներ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ հարցրել են, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղին:

«Միշտ կան հարցեր այն մասին, թե ինչու որեւէ մեկը չի խաղում կամ լավ մարզավիճակում չէ: Սակայն չկան հարցեր Անտոնի Մարտիալի եւ Քրիս Սմոլինգի մասին:

Միշտ հարցեր են առաջանում, թե ինչու են կոնկրետ խաղում բացակայում որոշ ֆուտբոլիստներ: Պատասխանը միշտ նույնն է: Եթե չկան վնասվածք ունեցող խաղացողներ, մեկ խաղային դիրքին հավակնում են մի քանի ֆուտբոլիստներ: Հիմա մենք ունենք Պոլ Պոգբա, Մարուան Ֆելաինի, Անդեր Էրերա, Նեմանյա Մատիչ ու Սքոթ Մակտոմինեյ: Արդեն պատկերացնում եմ, որ հաջորդ շաբաթ կրկին հարցնելու եք, թե ինչու նրանից որեւէ մեկը չի խաղացել:

Մխիթարյանը չէր խաղում, քանի որ մենք շատ տարբերակներ ունեինք այդ խաղի համար: Ես որոշեցի դաշտ դուրս բերել Մարտիալին ու Ռեշֆորդին: Նախկինում հարցեր էին առաջանում, թե ինչու նրանք չեն խաղում միասին: Հիմա հարցնում են, թե ինչու չի խաղում Մխիթարյանը: Պատասխանը պարզ է՝ քանի դեռ ֆուտբոլի կանոնները չեն փոխվել, ես կարող եմ դաշտ դուրս բերել 11 խաղացողների»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում մեկնել է Շվեյցարիա, որտեղ նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, կկայանա «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում