15:10  ,  20 նոյեմբերի, 2017

Բենիտես. Պոգբան դեռ հեռու է Ջերարդի խաղամակարդակից

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» 1:4 հաշվով կրած պարտությունից հետո անդրադարձել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ «Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդի համեմատությանը:

«Նրանք տարբեր են: Ջերարդն իր բարձր կարգն ապացուցել է երկար տարիների ընթացքում: Նա որոշիչ դեր էր կատարում յուրաքանչյուր խաղում: Պոգբան լավ ֆուտբոլիստ է, սակայն նա դեռ հեռու է Ջերարդի խաղամակարդակից: Ստիվենի հետ նույն շարքում լինելու համար Պոգբան պետք է կայուն խաղ ցուցադրի 10-15 տարի»,- ասել է իսպանացի մասնագետը, որը «Լիվերպուլում» Ստիվեն Ջերարդին մարզել է 2004-2010-ը, փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում