09:40  ,  20 նոյեմբերի, 2017

Կես տարվա դադարից հետո Վլադիմիր Կլիչկոն անցկացրել է բռնցքամարտի մարզում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն երկարատեւ դադարից հետո անցկացրել է մարզում: Այդ մասին 41-ամյա ուկրաինացին հայտնել է Ինստագրամում՝ հրապարակելով տեսանյութ:

«Բարի առավոտ: Սա իմ առաջին բռնցքամարտի մարզումն է մոտ կես տարվա դադարից հետո: Գիտե՞ք ինձ, ես գրեթե ոչինչ չեմ կորցրել»,- գրել է Կլիչկոն:

Օրեր առաջ Վլադիմիր Կլիչկոն չէր բացառել, որ կարող է վերադառնալ ռինգ: Նա կարիերան ավարտելու մասին հայտարարել էր այս տարվա օգոստոսին:

Ուկրաինացի բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 29-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նոկաուտով պարտվելով բրիտանացի Էնթոնի Ջոշուային: Կլիչկոն կարիերայի ընթացքում առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն: Դրան նախորդող մենամարտում նա պարտվել էր նաեւ բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ կորցնելով բոլոր տիտղոսները: Մինչեւ Ֆյուրիի դեմ մենամարտը ուկրաինացին չէր պարտվել 11 տարի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում