09:11  ,  20 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն

Իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 20-ին կկայանան 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի չինացի Դին Լիրենի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դին Լիրենը 2.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը:

Նախորդ 4 պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում