21:04  ,  18 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն ավարտեց ելույթը Լոնդոնում ավարտին մոտեցող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Խմբային փուլը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտած շվեյցարացի 36-ամյա թենիսիստը կիսաեզրափակիչում 3 սեթում սենսացիոն պարտություն կրեց բելգիացի Դավիդ Գոֆենից 6:2, 3:6, 4:6: Մրցախաղը տեւեց 1 ժամ 45 րոպե:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկելու են բուլղարացի Գրիգոր Դիմիտրովն ու ամերիկացի Ջեկ Սոկը:

Դավիդ Գոֆենը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ռոջեր Ֆեդերերին, որի դեմ խաղաց 7-րդ անգամ: Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում 26-ամյա բելգիացին պարտության էր մատնել նաեւ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Գոֆենը 6-րդ թենիսիստն է, որին հաջողվում է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել Ֆեդերերին ու Նադալին: Նախկինում դա հաջողվել էր միայն սերբ Նովակ Ջոկովիչին, բրիտանացի Էնդի Մարեյին, ռուս Նիկոլայ Դավիդենկոյին, արգենտինահայ Դավիդ Նալբանդյանին եւ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում