20:56  ,  18 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին

Իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրասնիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով:

Երրորդ տուրից հետո Արոնյանն ու Վաշյե-Լագրավն ունեն 2-ական միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գիրին ու Ռաջաբովը եւս ոչ ոքիով բաժանվեցին այս տուրում, իսկ Սվիդլերը սեւերով հաղթեց նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերին:

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ սպիտակ ֆիգուրներով հաղթել ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին:

Չորրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս