15:33  ,  17 նոյեմբերի, 2017

Ռոման Պավլյուչենկո. «Արարատի» հետ բաժանվում ենք ընկերների պես

Մոսկվայի «Արարատի» հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզած ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն հայկական ակումբի երկրպագուներից ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար: Օրեր առաջ «Արարատը» Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու համար եւ նշել, որ նրա բոնուսները կրճատվելու են 90 տոկոսով: Դրանից հետո Պավլյուչենկոն հայտարարել էր, որ այդ որոշումը բողոքարկելու է Ռուսաստանի ֆուտբոլային միության վիճելի հարցերի բաժնում:

«Ակումբի ղեկավարությունն ու ես որոշեցինք խզել պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ: Ցանկանում եմ երկրպագուներից, թիմակիցներիցս ու «Արարատը» բոլոր ստեղծողներից ներողություն խնդրել վերջերս մամուլում բարձրացված դատարկ աղմուկի համար: Ամեն բան տեղի ունեցավ անիմաստ թյուրիմացության պատճառով: Հիմա բոլոր վիճելի հարցերը հարթվել են, եւ իմ ու ակումբի միջեւ ոչ մի խնդիր չկա: Մենք բաժանվում ենք որպես ընկերներ:

«Արարատում» աշխատանքն առանձնահատուկ ու չտեսնված էր: Հաճելի էր լինել այսպիսի մեծ ու ամբիցիոզ նախագծի մի մասը: Վստահ եմ, որ շուտով «Արարատը» կհասնի մարզական մեծ բարձունքների: Միշտ կաջակցեմ այս վառ թիմին»,- Պավլյուչենկոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ռուս հարձակվողն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու ընթացիկ մրցաշարում մասնակցել է 12 խաղի եւ խփել է 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում