12:40  ,  17 նոյեմբերի, 2017

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացան

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին ամերիկյան Նոր Օրլեանում:

Արարողության նկարահանումների բացառիկ իրավունքը գնել էր Vogue-ը: Ներկաների թվում եղել են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Քելի Ռոուլենդը, դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին ու նրա բասկետբոլիստ ամուսին Դեւիդ Լին եւ այլ հայտնիներ, փոխանցում է Daily Mail-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ հարսանիքի ծախսը կկազմի 1 միլիոն դոլարից ավելի:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 11 ամիս առաջ Ալեքսիս Օհանյանից ունեցել էր դուստր, որին անվանակոչել էին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան:

Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ մրցաշարում հանդես է եկել հունվարին՝ նվաճելով Australian Open-ի հաղթողի կոչումը: 

1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:

2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:

35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս