14:55  ,  15 նոյեմբերի, 2017

Ավստրալիայի հավաքականը դարձավ ԱԱ-2018-ի նախավերջին մասնակիցը

Ֆուտբոլի Ավստրալիայի հավաքականը դարձավ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի նախավերջին՝ 31-րդ մասնակիցը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի պատասխան անցումային խաղում ավստրալացիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Հոնդուրասի հավաքականին, որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էին 0:0 հաշվով: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիական «Աստոն Վիլայի» պաշտպան Միլե Եդինակը, որը 2 գոլ խփեց 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ Ավստրալիան անցումային խաղերի ուղեգիր էր նվաճել ասիական գոտու ընտրական մրցաշարից, իսկ Հոնդուրասը՝ հյուսիսամերիկյան:

Ավստրալիայի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Մինչեւ այս Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում իրենց տեղն ապահովել էին՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Իրանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Նիգերիայի, Կոստա Ռիկայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իսլանդիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Պանամայի, Ուրուգվայի, Կոլումբիայի, Արգենտինայի, Սենեգալի, Մարոկկոյի, Թունիսի, Շվեյցարիայի, Խորվաթիայի, Շվեդիայի եւ Դանիայի հավաքականները:

ԱԱ-2018, ընրական փուլ, պատասխան անցումային խաղ

Ավստրալիա - Հոնդուրաս՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:0)

Միլե Եդինակ, 54, 72 (11մ), 85 (11մ) – Ալբերտ Էլիս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով