13:44  ,  15 նոյեմբերի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է տարեվերջյան միջազգային մրցաշարին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Հայկական թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գեւորգի Կետոեւը (երկուսն էլ՝ 97 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ այս անգամ հնարավորություն են տվել նաեւ երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի հավաքականի համար:

Դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը, որի արդյունքներով ձեւավորված Հայաստանի հավաքականը կպատրաստվի 2018 թվականի կարեւորագույն առաջնություններին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում