16:54  ,  14 նոյեմբերի, 2017

Հայաստանի երիտասարդական հավաքականը չօգտվեց խմբի առաջատարից միավոր կորզելու շանսից

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց Սերբիայի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած խաղում հյուրերն ունեին մեծ առավելություն, սակայն բավարավեցին խփած մեկ գոլով, ինչ համար կարող էին պատժվել վերջնամասում: Հյուրերի հաղթական գոլը 53-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լուտովաչը: 86-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքականը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Հայկական թիմը հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցավ նաեւ 89-րդ րոպեին, բայց ստանդարտ դիրքի խաղարկումը գոլով ավարտել չհաջողվեց:

Սերբիայի թիմը 5 խաղում տարավ 5-րդ հաղթանակը եւ 15 միավորով գլխավորում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 խաղից հետո 7 միավորով երրորդն է:

2019թ. Եվրոպայի Մ-21 առաջնություն, 7-րդ խումբ

Հայաստան - Սերբիա՝ 0:1

Ալեքսանդր Լուտովաչ, 53

Հեռացում՝ Արամ Քոչարյան, 90+4 (Հայաստան)

Հայաստան. Հենրի Ավագյան («Բանանց»), Հակոբ Համբարձումյան («Բանանց»), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»), Հայկ Սարգսյան («Բանանց», Գագիկ Մաղաքյան, 65), Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց», Ալիկ Առաքելյան, 54), Արամ Քոչարյան («Արարատ»), Վահագն Հայրապետյան («Փյունիկ»), Պետրոս Ավետիսյան («Փյունիկ»), Էմիլ Եղիազարյան («Բանանց»), Գրիգոր Աղեկյան («Արցախ», Ռոբերտ Մինասյան, 61):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով