13:10  ,  14 նոյեմբերի, 2017

Իտալիայի հավաքականի մարզիչ. Ես հրաժարական չեմ տվել

Առանց 2018թ. աշխարհի առաջնության մնացած Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան Շվեդիայի թիմի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի անցումային երկրորդ հանդիպման հետխաղյա ասուլիսին ներկայացել է ուշացումով: Իտալացի մասնագետը հերքել է լուրերը, թե ինքը հրաժարական է տվել:

«Ես հրաժարական չեմ տվել, քանի որ դեռ չեմ հանդիպել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Ցավում եմ, որ ուշացումով ներկայացա ասուլիսին, սակայն ցանկանում էի իմ բոլոր խաղացողների հետ զրուցել առանձին: Սա շատ ծանր արդյունք է, քանի որ համոզված էի, որ ցանկանում ենք հաղթահարել դժվարությունները: Երկար տարիներ եմ աշխատում ֆուտբոլում եւ գիտեմ, թե ինչ է դա:

Ներողություն եմ խնդրում այս արդյունքի համար, բայց ոչ մեր ջանքերի ու աշխատանքի համար: Չնայած հասկանում եմ, որ արդյունքն ամենակարեւորն է:

Ինչ վերաբերում է իմ հեռացմանը, ապա հիմա դա քննարկելու ժամանակը չէ: Ես կհանդիպեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, եւ մենք կքննարկենք իրավիճակը: Ես կխոսեմ ու կլսեմ, իսկ այդ հանդիպումից հետո ցանկացած որոշում ընդունելի կլինի իմ համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում անցկացված խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, իսկ առաջին խաղում Շվեդիայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն առանց իտալացիների նախորդ անգամ անցկացվել է 60 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով