12:35  ,  14 նոյեմբերի, 2017

Դե Ռոսին պատմել է, թե ինչու է հրաժարվել փոխարինման դուրս գալ Իտալիա - Շվեդիա խաղում

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին հրաժարվել է փոխարինման դուրս գալ Շվեդիայի թիմի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի անցումային երկրորդ խաղում, որն ավարտվել էր 0:0 հաշվով: Միլանի «Սան Սիրո» ստադիոնում անցկացված խաղի երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան «Ռոմայի» կիսապաշտպանին հրահանգել է պատրաստվել դաշտ դուրս գալու, սակայն Դե Ռոսին նշել է, որ թիմին այդ պահին ավելի անհրաժեշտ է հարձակվող:

«Ես պարզապես ասացի, որ մենք մոտ ենք ձախողմանը, եւ մեզ անհրաժեշտ է հաղթել, այդ պատճառով թող նախավարժանքի դուրս գան հարձակվողները: Տակտիկայով զբաղվելն իմ գործը չէ: Վենտուրան հրաշալի մարդ է, այնպես որ ներողություն եմ խնդրում, եթե վիրավորել եմ որեւէ մեկին: Այդ պահին պարզապես մտածեցի, որ ավելի լավ կլինի, եթե իմ փոխարեն խաղադաշտ դուրս գա Լորենցո Ինսինյեն»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականն ԱԱ-2018-ի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ: Պատասխան խաղից հետո 34-ամյա Դե Ռոսին Ջորջո Կյելինիի, Անդրեա Բարցալի եւ Ջանլուիջի Բուֆոնի պես հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն առանց իտալացիների նախորդ անգամ անցկացվել է 60 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով