14:11  ,  12 նոյեմբերի, 2017

Ո՞ր երկրների առաջնություններին է հետեւում Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո պատմել է, թե որ երկրների առաջնություններին է հետեւում:

«Բելառուսն ունի լավ թիմ, թեեւ այս խաղում բացակայում էին որոշ խաղացողներ: Մենք վերլուծել էինք նրանց խաղերը Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի դեմ: Սա ընկերական խաղ էր, որում 2 թիմերն էլ փորձարկում էին նոր խաղացողների ապագայի համար:

Հետեւում եմ Բելառուսի առաջնությանը, քանի որ այնտեղ խաղում է իմ ընկեր Կամո Հովհաննիսյանը: Այդ պատճառով ինձ համար հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Նույնիսկ հետեւում եմ ԲԱՏԷ-ի խաղերին Եվրոպայի լիգայում: Բելառուսները եւս ունեցել են լավ խաղացողներ՝ Ալեքսանդր Գլեբի գլխավորությամբ:

Անգլիայից հետեւմ եմ ոչ միայն Հայաստանի առաջնության, այլեւ բոլոր երկրների առաջնությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Բելառուսի եւ նույնիսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղերին: Ինձ համար հետաքրքրիր է դիտել ֆուտբոլ եւ սովորել ինչ-որ բան, քանի որ ես խաղացել եմ այդ առաջնություններում: Ինձ համար հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, եւ ինչպես են խաղում իմ թիմակիցները: Այդ պատճառով հետեւում եմ բոլորին»,- Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի հավաքականի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում  ընկերական խաղ կանցկացնի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում