21:12  ,  6 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականը չհաղթեց նաեւ վերջին տուրում

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի ոչ ոքի ավարտեց Սերբիայի թիմի հետ մրցամարտը:

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին սեւ ֆիգուրներով, Գաբրիել Սարգսյանը հաղթեց սպիտակներով, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց:

Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով եւ բաժանեց 12-17-րդ տեղերը:

Անցկացված 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին եւ Հոլանդիային, ոչ ոքի խաղաց Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, ինչպես նաեւ պարտվեց Ադրբեջանին ու Գերմանիային:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի թիմերը 14-ական միավորով բաժանել են առաջին տեղը: Հաղթողը կորոշվի լրացուցիչ ցուցանիշներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում