22:24  ,  2 նոյեմբերի, 2017

Արա Պողոսյան. Հայկական բասկետբոլը մեռած էր, բայց նորից ծնվեց

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը թուլացել է, կորցրել ենք 4 ուժեղ խաղացողների, բայց հույսեր ունենք, որ Եվրո-2021-ի նախընտրական առաջին փուլը կհաղթահարենք եւ դուրս կգանք հաջորդ փուլ: Իսկ մինչ այդ Հայաստանում կստեղծենք մեր լիգան, որպեսզի ազգային հավաքականի անդամները ներքին լիգայի խաղացողներից լինեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

Հայկական բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում անհամեմատ աճել է. ապացույցը աշխարհի առաջնության ընտրական առաջին տուրի խաղերում հայ երկրպագուների հոսքն էր մարզադահլիճ, իսկ այս օրերին նաեւ Հայաստանում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնության նկատմամբ մարզասերների հետաքրքրությունը:

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած առաջնությունը մասնակցում է 7 ակումբ՝ «Ուրարտու» (Երեւան), ՖԻՄԱ (Երեւան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժիներ» (Երեւան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երեւան):

Պարոն Պողոսյան, երկար տարիներ Հայաստանում բասկետբոլի ակումբները լիգա չեն ունեցել: Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը:

Նախ նշեմ, որ սա Հայաստանի առաջնություն չէ: Բոլորի կողմից խաղարկությունը ներկայացվում է որպես Հայաստանի առաջնություն, բայց իրականում սա Հայաստանի ակումբային անկախ լիգա է եւ մասնակցում են թիմեր ոչ միայն Հայաստանից, այլեւ Արցախից:

Սա ոչ թե նոր ծնված գաղափար է, այլ թերություն, որը հայկական բասկետբոլում բացակայում էր: Ցանկացած երկրում, որտեղ զարգացած է սպորտը, բասկետբոլը եւ իրեն համարում է բասկետբոլային երկիր, պարտադիր ունենում է նման լիգա: Ես իսկապես մեծ բացթողում եմ համարում հայկական բասկետբոլում, քանի որ նույնիսկ քիչ զարգացած երկրներն են ունենում լիգա, այն էլ՝  մի քանիսը:  

Իսկ չենք ունեցել լիգայի խաղարկություններ, քանի որ թույլ էինք, չունեինք համապատասխան քանակությամբ բասկետբոլիստներ, չունեինք նաեւ լիգան ստեղծելու հնարավորություններ: Հիմա էլ ակումբները պատրաստ չէին այսպիսի լիգա անցկացնելու համար: Բայց մենք որոշում ընդունեցինք պարտադիր  կազմակերպել եւ անցկացնել Ա խմբի լիգա: Այս ամենը մի քիչ արհետսական ստացվեց, բայց ամեն դեպքում ստեղծեցինք: Թե ինչ արդյունք կունենա լիգա ստեղծելու մեր ցանկությունը, ցույց կտա ընթացքը, մարդկանց հետաքրքությունը այս խաղերի նկատմամբ:

Արդեն անցկացրել ենք 2 տուր, մեկնարկել է 3-րդ տուրը: Համարում եմ, որ հաջողությունների հասել ենք՝ ինչ-որ հետաքրքրություն կա հանրության կողմից, լրատվամիջոցների կողմից: Եվ մեզանից է կախված, թե ինչ կյանք կունենա այս լիգան ապագայում:

Ա լիգային զուգահեռ մենք նախաձեռնեցինք նաեւ մինչեւ 16 տարեկանների Հայաստանի առաջնություն, որին մասնակցում է 12 ակումբ Երեւանից եւ մարզերից: Ունենք նաեւ թիմ Արցախից:  Մինչեւ 16 տարեկանների Հայաստանի կանոնավոր առաջնությունը մեկնարկել է հոտեմբերի 1-ից եւ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել: Հանդիպումները շատ հետաքրքիր եւ լարված են:

Մինչեւ 16 տարեկան բասկետբոլիստների համար մեծ հնարավորություն ենք ստեղծել, որ փորձեն իրենց ուժերը եւ արդեն հաջորդ տարի համալրեն Ա լիգայի թիմերը:

Հնարավո՞ր է Ա լիգայի հաղթող բասկետբոլիստներ համալրեն Հայաստանի ազգային հավաքականը:

Այնպես չէ, որ չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի սաները միայն իրավունք կստանան համալրել ազգային հավաքականը: Ա լիգայի մրցաշրջանը դեռ չի ավարտվել, բայց ես արդեն տեսնում եմ լիգայում մասնակից թիմերի մեջ ուժեղ բասկետբոլիստներ, ովքեր կամ կհամալրեն ազգային հավաքականը, կամ թեկնածու են:

Մեր նպատակը Հայաստանի ազգային հավաքականի համար ուժեղ բասկետբոլիստներ պատրաստելն է, իսկ դրանում մեզ կօգնի ներքին լիգան: Հայտնի է, որ ազգային հավաքականի խաղացողները բոլորը Հայաստանից դուրս ապրող երիտասարդներ են, իսկ հաճախ մարզումներ, հավաքներ կազմակերպելու համար ուղղակի հնարավորություն չենք ունենում բոլորին Հայաստան բերել: Իսկ մենք մեծ դժվարություն ունենք հավաքականը մի տեղ հավաքելու: Օրինակ՝ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերին մեկնարկելու է 2021 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլում: B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ալբանիայի եւ Դանիայի թիմերը: Այժմ կանգնած ենք խնդրի առաջ՝ թիմն ամբողջական Հայաստանում կլինի նոյեմբերի 20-ին: Մենք մարզումներ անելու եւ պատրաստվելու համար ունենք 2 օր ժամանակ, քանի որ առաջին հանդիպումը Ալբանիայի հետ նոյեմբերի 23-ին է: Այսպես նաեւ տնային խաղը՝ Դանիայի հետ կայանալու է նոյեմբերի 26-ին, որին պատրաստվելու համար կրկին 2 օր ունենք: Իսկ եթե մեր հավաքականի հիմնական խաղացողները լինեին լիգայի խաղացողներ, մենք հավաք, մարզումներ կազմակերպելու խնդիր չէինք ունենա:

Անդրադառնալով ազգային հավաքականի առաջիկա խաղերին, ի՞նչ փոփոխություններ կան թիմում՝ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլից դուրս մնալուց հետո:

Մեծ փոփոխություններ ունենք: Կորցրել ենք մեր 4 լավագույն խաղացողներին՝ Անդրե Սպայթ Մկրտչյանը, Կարեն Չիվիչյանը, Արտյոմ Թավակալյանը եւ Արկադի Մկրտիչյանը: Նրանք այդ շրջանում չենք կարող միանալ մեր հավաքականին, իսկ դա նշանակում է, որ մենք 4 շատ ուժեղ խաղացողների կորուստ ունենք: Մեր նախկին խաղացողներից մի քանիսը կվերադառնան հավաքական:

Չնայած թիմը թուլացել է, բայց հույսեր ունենք, որ Եվրո-2021-ի նախընտրական առաջին փուլը կհաղթահարենք եւ դուրս կգանք հաջորդ փուլ:

Ու նաեւ մեծ հույս ունենք, որ Ա լիգան կաճի, կզարգանա եւ ազգային հավաքականի խաղացողներ կտա:

Պարոն Պողոսյան, երկար տարիներ հայկական բասկետբոլը «քնած» էր: Սա վերածնու՞նդ է:

Քնած չէր, մեռած էր. մենք նորից ծնվեցինք: Մարդիկ սկսել են հետաքրքրվել, ապրել մեր խաղերով, մեր հաղթանակներով ու պարտություններով, սպասում են մեր խաղերին: Ամեն ինչ դեռ առջեւում է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով