18:20  ,  29 հոկտեմբերի, 2017

«Շիրակի» երկրպագուներն անպատվել են Աբրահամ Խաշմանյանին, կրքերը բորբոքվել են

«Ալաշկերտի» եւ «Շիրակի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից հետո տեղի է ունեցել տհաճ միջադեպ, Գյումրիից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Գյումրիում կայացած հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները տրիբունայից բազմիցս անպատվել են «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո մարզիչը ցանկացել է հարաբերությունները պարզել երկրպագուների հետ եւ նրանց տրիբունայից կանչել է խաղադաշտ: Այդ պահին «Շիրակի» անձնակազմի ներկայացուցիչներից մեկը հարվածել է Աբրահամ Խաշմանյանին, ինչից հետո տեղի է ունեցել զանգվածային բախում: Միջադեպի պատճառով Աբրահամ Խաշմանյանի հետխաղյա ասուլիսը չի կայացել:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով առավելության էր հասել վերջնամասում խփած գոլի շնորհիվ: «Ալաշկերտի» հաղթական գոլը 89-րդ րոպեին խփել էր տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը:

Այդ հաղթանակից հետո առաջատար «Ալաշկերտը» 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Շիրակից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում