23:38  ,  23 հոկտեմբերի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Հռիփսիմե Խուրշուդյանն իր խոստովանությամբ ինքն իրեն ավելի գեղեցկացրեց

Մենք ՄՕԿ-ի դրոշի տակ ենք, ինչպես ասում են, այդպես էլ անում ենք: Ծանրորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը եւ կպատրաստվեն հաջորդ տարվա մրցաշարերին:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի մասնակցությունը:

Նշենք, որ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե եւ 6 բրոնզե: Երիտասարդների Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ են դարձել մինչեւ 20 տարեկանների պայքարում՝ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (227 կգ), +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (228կգ),  +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը՝ (433 կգ) , մինչեւ 23 տարեկանների մրցապայքարում՝ 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (360 կգ), 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (359 կգ) եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը (420 կգ):

Պարոն Ալավերդյան, ինչպե՞ս կգնահատեք երիտասարդական հավաքականի մասնակցությունը Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում:

Արդյունքը գոհացնող է, քանի որ մինչ այս մենք 26 մեդալով էինք վերադարձել: Այժմ 6-ով մեդալների քանակն ավելացավ: Բայց ես իմ աշխատանքից, իմ ծանրորդներից գոհ չեմ կարող լինել: Այս աշխատանքին, 32 մեդալին պետք է գնահատական տա հասարակությունը եւ մասնագետները, այլ ոչ թե մենք:

Ո՞վ ուրախացրեց այս առաջնությունում:

Կարուշ Ղուկասյանը լավ հանդես եկավ: Ես չէի ասի, թե նա մեզ բոլորիս ուրախացրեց, բայց նա շատ հաճելի անակնկալ մատուցեց: Ինձ շատ ուրախացրեց Սիմոն Մարտիրոսյանն՝ իր մեդալներով եւ ռեկորդով:

Ես չուզեցա ավելորդ բարդության առաջ կանգնեցնել Գոռ Մինասյանին: Նա նույնպես կարող էր ռեկորդով ավարտել իր մրցելույթը, բայց ես ինքս չցանկացա ռիսկի դիմել: Գոռ Մինասյանը հետաքրքիր բնավորության գիծ ունի. նա շատ դաժանաբար է վերաբերվում ինքն իրեն եւ իր արդյունքներին: Մենք կարող էինք ավել կիլոգրամների գնալ եւ ռեկորդ սահմանել, բայց վնասվածք ստանալու վտանգը մեծ էր: Ու ոչ ոք ինձ չէր ների դրա համար:

Անդրանիկ Կարապետյանը նույնպես շատ լավ հանդես եկավ, իր արդյունքը, ոսկե մեդալը եւ լավագույնը ճանաչվելն այդ տարիքային խմբում եւս մեկ անգամ ապացուցեց իր պրոֆեսիոնալ լինելը եւ մեծ կամքի ուժը:

Ի դեպ, Անդրանիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը դարձան լավագույններն  այս առաջնությունում՝ Սիմոն Մարտիրոսյանը 20 տարեկանների, Անդրանիկ Կարապետյանը՝  23 տարեկանների մեջ: 

Աղջիկների մասին ի՞նչ կասեք: Այն կազմը, որն ունենք այս պահին, կարո՞ղ է Տոկիո-2020-ի օլիմպիական թիմի հիմք դառնալ:

Այս աղջիկները պետք է միանշանակ մտածեն, որ պատրաստվելու են Տոկիո-2020-ի համար: Աղջիկների թիմը մեզ նույնպես շատ ուրախացրեց: Իրենք ցույց տվեցին, որ կան եւ պետք է լինեն, որ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը լավ փոխարինող սերունդ ունի:

Օրերս Հռիփսիմե Խուրշուդյանն իր հարցազրույցներից մեկում Հայաստանի հավաքականի որակազրկման մեղքը վերցրեց իր վրա: Համաձա՞յն եք:

Միանշանակ: Հռիփսիմե Խուրշուդյանը շատ գեղեցիկ կին է եւ իր այդ խոստովանությամբ ինքն իրեն էլ ավելի գեղեցկացրեց: Ճիշտ է ասում:

Մեր որակազրկման ժամկետները դեռ չգիտենք՝ գուցե 1 տարի է, գուցե 6 ամիս է կամ 3 ամիս: Մենք ՄՕԿ-ի դրոշի տակ ենք. ինչպես ասում են, այդպես էլ անում ենք: Այն, որ մենք մեծահասակների աշխարհի առաջնությանը չենք մասնակցելու, դա անհերքելի փաստ է: Մնացածը պարզ կլինի նոյեմբերի 16-ից հետո:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով