19:52  ,  21 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» սենսացիոն պարտությունը, «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը հյուրընկալվեց Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Սիթիին»: Հյուրերը պարտվեցին 1:2 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով առաջին խաղակեսում, 5 րոպեում:

23-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց պաշտպան Ֆիլ Ջոնսը: Նրան փոխարինած շվեդ Վիկտոր Լինդելյոֆի երկու սխալներից հետո էլ Դավիդ Դե Խեան ստիպված եղավ երկու անգամ գնդակը հանել դարպասից: Առաջին գոլի դրվագում սխալվեց նաեւ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, որը դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը: Երկրորդ գոլի դրվագում «Հադերսֆիլդի» բելգիացի հարձակվող Լորան Դեպուատրը արդյունավետ փոխանցումը ստացավ դանիացի դարպասապահ Յոնաս Լոսլից:

Ընդմիջմանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն երկու փոփոխություն կատարեց. Խուան Մատային փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին՝ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վերջնամասում կրճատեց հաշվի տարբերությունը:

Բայց դաշտի տերերը համառ պայքարում կարողացան պահպանել հաղթական հաշիվը: «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը:

«Մանչեսթեր Սիթին» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25 միավորով առաջին տեղում է եւ արդեն 5 միավորի առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

«Մանչեսթեր Յունայթեդին» այս տուրում հավասարվելու հնարավորություն ունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը», որը հոկտեմբերի 22-ին կընդունի «Լիվերպուլին»:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Աարոն Մույ, 28, Լորան Դեպուատր, 33 – Մարկուս Ռեշֆորդ, 78

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 3:0

Սերխիո Ագուերո, 30, 11մ, Նիկոլաս Օտամենդի, 73, Լերոյ Սանե, 75

«Նյուքասլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0

Միկել Մերինո, 86

«Սթոք Սիթի» - «Բորնմութ»՝ 1:2

Մամե Բիրամ Դիուֆ, 63 – Էնդրյու Սուրման, 16, Ջունիոր Ստանիսլաս, 18, 11մ

«Սուոնսի» - «Լեսթեր Սիթի»՝ 1:2

Ալֆի Մոուսոն, 56 – Ֆեդերիկո Ֆերնանդես, 25, ինքնագոլ, Սինձի Օկաձակի, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում