18:36  ,  18 հոկտեմբերի, 2017

Դերենիկ Ոսկանյան. Անթալիայում սպասում ենք մեդալների

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականն այս գիշեր կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք, որտեղ հոկտեմբերի 20-29-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Թիմը ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ վերջին մարզումն է անցկացրել Օլիմպավանում մեկնելուց առաջ:

«Նախապատրաստական շրջանի առաջին մասը ֆիզիկական պատրաստվածության համար էր, երկրորդ փուլն անցկացրեցինք Օլիմպավանում՝ շեշտը դնելով տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Հավաքականում նորեկներ կան, բայց դա չի խանգարի նրանց, քանի որ բոլորն էլ միջազգային մրցաշարերի փորձ ունեն: Սպասում ենք մեդալների, իսկ թե ինչ գույնի կլինեն դրանք՝ դա արդեն ռինգը ցույց կտա»,-  Դերենիկ Ոսկանյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Անթալիայում Հայաստանը կունենա 9 մասնակից.  Էրիկ Թոխյան (49 կգ քաշային կարգ),  Արթուր Բազեյան (52 կգ),  Ժիրայր Սարգսյան (56 կգ),  Արմեն Մաշակարյան (60 կգ),  Բենիկ Նիկողոսյան (64 կգ),  Տոնի Գալաստյան (69 կգ),  Գոռ Ներսիսյան (75 կգ),  Մանուկ Խաչատրյան (91 կգ), գերծանր քաշային Արմեն Մնացականյան:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս