15:47  ,  17 հոկտեմբերի, 2017

Սպորտի նախարարը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի հետ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին: Նախարարը ողջունել է հյուրին եւ տեղեկացրել, որ չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձեւերը, սակայն պակաս մասսայականություն չեն վայելում նաեւ խաղային մարզաձեւերը:

«Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաեւ վոլեյբոլի ներքին առաջնություն»,- ասել է Ռոստոմյանը: 

Ալեքսանդր Բորիչիչը նախարարին տեղեկացրել է եվրոպական կոնֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձեւի մասսայականացմանը:

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, եվրոպական կոնֆեդերացիայի եւ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եռակողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների»,- նշել է հյուրը: 

Նախարարը եվրոպական կառույցի ղեկավարին տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման վերաբերյալ համապատասխան նախագիծը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից ստանալուց հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սկսել քննարկումներ՝ այդ ծրագրի իրագործման շուրջ: 

Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, հայտնում են Սպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում