16:05  ,  16 հոկտեմբերի, 2017

Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Հայկական թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Մեծահասակների մրցաշարում Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում:

Երիտասարդների պայքարում Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողի վարժությունում Սմբատյանը երկրորդն էր:

Գագիկ Խաչատրյանն առաջին տեղն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին: Վրաստանը եզրափակել է լավագույն եռյակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում