00:40  ,  16 հոկտեմբերի, 2017

Մաուրո Իկարդիի երեկոն միլանյան դերբիում

Իտալական A Սերիայի 8-րդ տուրում կայացավ միլանյան դերբին: «Միլանի» եւ «Ինտերի» միջեւ հանդիպումն անցավ լարված ու դիտարժան պայքարում եւ ավարտվեց Լուչինաո Սպալետիի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ավելի լավ տեսք ուներ «Միլանը», որը 56-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվն իսպանացի կիսապաշտպան Սուսոյի գոլի շնորհիվ: Այդ գոլից հետո Վինչենցո Մոնտելայի թիմն ուներ նկատելի առավելություն ու մոտ էր նաեւ երկրորդ գոլը խփելուն, սակայն շուտով գոլ բաց թողեց: 63-րդ րոպեին հաշիվը 2:1 դարձրեց Մաուրո Իկարդին, որն աչքի ընկավ գեղեցիկ հարվածով: 81-րդ րոպեին «Միլանը» դարձյալ հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան: Թվում էր, թե այս թիմերի միջեւ երրորդ հանդիպումն անընդմեջ կավարտվի 2:2 հաշվով, սակայն «Ինտերն» այլ ծրագրեր ուներ: 89-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին՝ վերջակետ դնելով խաղին:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Նապոլիից»: «Միլանը» 12 միավորով մնաց 10-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 3:2

Մաուրո Իկարդի, 28, 63, 89 (11մ) – Սուսո, 56, Ջակոմո Բոնավենտուրա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում