15:09  ,  15 հոկտեմբերի, 2017

Յուրգեն Կլոպ. Եթե ազատություն տաս Մխիթարյանին, նա հեշտությամբ գնդակով կհասնի դարպասի մոտ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, մեկնաբանելով Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ ոքին, խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: 28-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր վաստակել մեկ միավոր: Եթե նրանք 3 միավոր կորզեին, ապա երջանիկ կլինեին, իսկ մենք ի սկզբանե մտադիր էինք վաստակել 3 միավոր: Այդ պատճառով նրանք երջանիկ են, իսկ մենք՝ ոչ: Ես գոհ եմ «Լիվերպուլի» ելույթից, իսկ մրցակցի խաղը մեկնաբանելն իմ գործը չէ:

Տղաները հրաշալի էին պաշտպանվում աշխարհի լավագույն հարձակողական թիմերից մեկի դեմ խաղում: Եթե դու չես հսկում Մխիթարյանին, ապա նա հեշտությամբ միայնակ գնդակով կհասնի դարպասի մոտ: Լուկակուի դեմ եւս դժվար է պաշտպանվել, սակայն մենք գլուխ հանեցինք: Ունեցանք լավ պահ, եւ պետք է նշանակվեր նաեւ 11 մետրանոց. դա արդեն կլիներ 2:0:

Ես չեմ կարողանում տղաներից պահանջել ֆուտբոլ խաղալ «Բարսելոնայի» ոճով: Մենք չենք կարող 20 գոլային պահ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասի մոտ. դա չի կարող նույնիսկ «Բարսելոնան»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 63-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English