00:51  ,  11 հոկտեմբերի, 2017

Եվրոպայից ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած ու անցումային խաղերի իրավունք ստացած բոլոր թիմերը

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան ուղեգիր նվաճած բոլոր հավաքականներն ու անցումային խաղերի իրավունք ստացած բոլոր թիմերը:

Խմբերից առաջին տեղով ԱԱ-2018-ի ուղեգիր ապահովեցին աշխարհի չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Սերբիայի, Իսլանդիայի եւ Լեհաստանի հավաքականները:

Խմբերում երկրորդ տեղ գրավեցին եւ ուղեգրի համար անցումային խաղերում պայքարելու հնարավորություն ստացան Իտալիայի, Դանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունաստանի, Խորվաթիայի եւ Իռլանդիայի հավաքականները:

Երկրորդ տեղ գրաված թիմերից պայքարը լքեց Սլովակիայի հավաքականը, որը F խմբում հավաքել էր 18 միավոր: Ընտրական 9 խմբերում անցումային խաղերի ուղեգիր չէր նվաճում միայն երկրորդ տեղ գրաված վատագույն ցուցանիշով հավաքականը:

ԱԱ-2018-ի անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Ցյուրիխում: Թիմերը կբաժանվեն 2 զամբյուղների: Ավելի բարձր վարկանիշ ունեցող 4 հավաքականները կլինեն առաջին զամբյուղում, իսկ մյուս 4 թիմերը՝ երկրորդ: Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-11-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 12-14-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով