11:54  ,  9 հոկտեմբերի, 2017

Կաթողիկոսն ընդունել է Լեւոն Արոնյանին ու Արիանա Կաոիլիին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին ու նրա կին Արիանա Կաոիլիին, փոխանցում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց բոլորին՝ փառք եւ պատիվ հավելելով հայոց ազգին ու հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշեց, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։

Կաթողիկոսը նաեւ իր շնորհավորանքներն ուղղեց նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց եւ պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում ու շախմատի ոլորտում:

Իր հերթին Լեւոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց առաջիկա մրցելույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտեց, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ եւս վերադարձնել հաղթանակների տեսքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում