23:11  ,  8 հոկտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Տղաները հոգնել էին երկրորդ խաղակեսում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի մայրաքաղաք Ատանայում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանել ղազախների հետ արտագնա ոչ ոքին աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում:

«Կարծում եմ՝ ստացվեց շատ հետաքրքիր խաղ: Հատկապես սկզբնամասում եղան գոլային պահեր 2 դարպասների մոտ էլ: 2 թիմերն էլ շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում: Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը եւ ունեինք գոլ շփելու մի շարք հնարավարություններ, սակայն չկարողացանք խփել երկրորդ գոլը: Երկրորդ խաղակեսում տղաները հոգնեցին եւ կատարեցինք նաեւ հարկադրված փոխարինում: Կարծում եմ՝ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր այս մեկ միավորին, թեեւ վերջին վայրկյաններին ունեինք հաղթական գոլ շփելու շանս: Ամեն դեպքում, Ղազախստանի հավաքականն այսօր արժանի չէր պարտության: Մրցակցի մոտ թիմային խաղը շատ լավ ստացվեց երկրորդ խաղակեսում, եւ մենք ունեցանք խնդիրներ:

Այսօր տղաները պայքարեցին ու կռվեցին դրական արդյունքի հասնելու համար: Նրանց ասացի, որ 100 տոկոսով ամեն բան արեցին դրական արդյունքի հասնելու համար: Մեզ համար մեծ նշանակություն չուներ, որ մրցակիցը խաղի ընթացքում փոխեց մարտավարությունը: Պարզապես մեր տղաները հոգնել էին երկրորդ խաղակեսում եւ բաց թողեցին խաղի թելը: Ղազախստանի այս հավաքականն ավելի դուր եկավ ինձ, քան մեր դեմ Երեւանում խաղացած թիմը:

Երեւի, այս 2 թիմերն ամենաթույլն էին մեր խմբում, քանի որ վիճակագրությունը չի ստում:

Տիգրան Բարսեղյանը չխաղաց, քանի որ մենք կատարեցինք հարկադրված փոխարինում: Ես շատ գոհ եմ Սարգիս Ադամյանի խաղից: Նրան միայն գոլը չբավականացրեց: Սարգիսն ունեցավ 3 գոլային պահ: Վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը երբեք ուժերը չի խնայում հավաքականում: Նա օգնում է թիմին եւ պետք է լինի նաեւ հակառակը:

Ապագայիս հարցով կասեմ, որ պետք է հանդիպեմ ֆեդերացիայի նախագահի հետ: Պարոն Հայրապետյանի հետ զրուցելուց հետո որոշում կկայացնեմ:

Եթե այս արդյունքը լիներ Հայաստանի հավաքականի առավելագույն ներուժը, ապա հաջորդ ընտրական փուլում անելիք չէինք ունենա: Կրկնեմ, որ մեզ թարմ արյուն է հարկավոր: Հավաքականի խաղացողներից շատերը վաղուց են թիմում: Գալիս է ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան փոխել: Այօսր 2 խաղացողներ նորամուտը նշեցին հավաքականում: Հուսով եմ՝ նման բան հաճախ է կլինի»,- նշել է մարզիչը:

Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախները պատասխանել էին ընդմիջումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով