09:09  ,  8 հոկտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Մոնրեալից. Հարություն Մերդինյանն ավելին անել չէր կարող այս մրցապայքարում

Կեցցե Հարություն Մերդինյանը, որ այս տարիքում ճգնելով կատարում է, մարզվում եւ չի հանձնվում։

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ զբաղեցրած 33-ամյա Հարություն Մերդինյանի մրցելույթը եւ արդյունքը Մոնրեալից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

2016թ. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն էր գրավել նժույգի վարժությունում:

«Հարություն Մերդինյանի 5-րդ տեղն իսկապես բարձր արդյունք է այս աշխարհի առաջնությունում: Ֆրանսիայի հավաքը Մերդինյանին շատ օգնեց, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում նա դեռ լիարժեք մարզավիճակ ձեռք չէր բերել աշխարհի առաջնության համար։

Մերդինյանն արեց այն, ինչ կարող էր։ Ավելին անել չէր կարող այս մրցապայքարում։ Խոսքը միայն Մերդինյանի մասին չէ, այլ նաեւ Արթուր Դավթյանի։ Տղաներն իրենց հասանելիքն արել են։ Ես նրանցից ավելին չեմ պահանջում, քան անել այն, ինչի նրանք պատրաստ են։

Աշխարհի առաջնության 5-րդ տեղը շատ լավ արդյունք է։ Այսօր բոլորը Հարություն Մերդինյանին շնորհավորում էին, որ այս տարիքում դեռ կարողանում է այսպիսի բարձր արդյունք գրանցել, եւ որ առանց վնասվածքի ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում, քանի որ շատ վնասվածքներ ստացողներ եղան։ Ինձ համար նույնպես շատ կարեւոր էր, որ թիմի անդամներից որեւէ մեկը վնասվածք չի ստացել։

Նժույգթափերի եզրափակիչը շատ բարդ էր։ Բոլոր՝ 8 մասնակիցներն էլ շատ ուժեղ էին։ Միավորներով բոլորն էլ մոտ էին իրար։ Շատ մեծ մրցակցություն կար։ Թերություններ բոլորն էլ ունեին, եւ այնպես չէ, որ Մերդինյանն ավելի շատ ուներ։ Պարզապես մեր վարժության բարդությունը առաջին տեղին շատ էր զիջում, բայց միայն մեր վարժությունը չէ, բոլորինն էր զիջում։ 

Մենք ունեինք պատրաստած բարդ վարժություն եւ եզրափակիչում Հարությունի վրա էր որոշել՝ այդ ծրագրով հադնես գա՞լ, թե՞ ոչ։ Բայց մտածվեցինք, որ եթե բարդ վարժությունը կատարի, գուցե լավ հանդես չգա, մինչեւ վերջ չդիմանա․ դա կապված է տարիքի եւ շատ այլ հարցերի հետ։ Երկար էինք աշխատել այդ բարդ վարժության վրա, բայց լիարժեք պատրաստ չէինք, այդ պատճառով հանդես եկանք այլ վարժությունով, որի միավորները շատ էին զիջում առաջին տեղին»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով՝ աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի հնարավորությունները բավարարում էր 5-րդ եւ 13-րդ տեղերի արդյունքներին։

«Այնպես չէ, որ կարող էին անել ավելին ու չարեցին։ Այսօր այսքանը կարողացանք։ Բայց որ Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն ուժեղագույններից են աշխարհում, արդեն ուրախացնում է։

Նշեմ նաեւ, որ այս աշխարհի առաջնությունն առանձնացավ խիստ մրցավարությամբ։ Նժույգթափերի եզրափակիչում միայն ռուս մարմնամարզիկի գնահատականն էր մի քիչ ոչ օբյեկտիվ, բայց մյուսների նկատմամբ շատ խիստ էին։ 6-րդ արդյունքը ցույց տված չինացու վարժությունը մի քիչ կասկածելի էր, իսկ նման դեպքերում, ըստ մարմնամարզության կանոնադրության, միշտ գնահատականը տալիս են հօգուտ մարզիկի, բայց չինացի մարմնամարզիկին մրցավարներն, ուղղակի, «գնդակահարեցին»,- նշեց մարզիչը։

Հակոբ Սերոբյանն ընդգծեց, որ Հարություն Մերդինյանը նույնպես գոհ է իր ցույց տված արդյունքից:

«Մենք միշտ մրցումների ենք գնում մեդալի ակնկալիքով։ Հարություն Մերդինյանը մեր առաջատարներից է եւ բազմիցս ապացուցել է իր ուժեղագույն լինելը։ Այսօրվա 5-րդ տեղի արդյունքը նրան եւս գոհացնում է։ Նա էլ նայում է մեզ, թիմին, արդեն բոլորս մեկ հայացքից հասկանում ենք իրար, որ այս պահին մեր աշխատանքի լավագույն արդյունքը ցույց տվեցինք եւ ինքներս մեզանից ավելի պահանջելու տեղ չունենք։ Չեմ ասի, որ թերությունները շատ էին կամ կոնկրետ սխալ թույլ տվեց այնպես, ինչպես դա արեց Ռիո-2016-ում։ Այս պահին մեզ համար այդքան էլ կարեւոր չէ, թե որ տեղում է նա»,- նշեց Հակոբ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 3 մարմնամարզիկով: Արթուր Դավթյանը դուրս էր եկել բազմամարտի մրցման եզրափակիչ եւ գրավել 13-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակների վարժությունում որակավորման փուլի արգելքը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս