19:09  ,  6 հոկտեմբերի, 2017

Ինյեստա. Հենց այնպես չէի մնա այստեղ

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո կիսվել է տպավորություններով: Հոկտեմբերի 6-ին 33-ամյա ֆուտբոլիստը կնքել էր նոր պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ նրա կարիերայի ավարտը:

«Ինձ համար սա յուրահատուկ օր է, մնում եմ տանը՝ երազելով մեծ նվաճումների մասին: Այս ակումբը վկա է եղել, թե ինչպես եմ աճել ու առաջադիմել: Անհավանական արտոնություն է լինել այս թիմի ավագը: Յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում մենք միասին կընդունենք բոլորին ձեռնտու որոշում: Դա անգին է:

Ես սիրում եմ այս ակումբը եւ կխաղամ այնքան, մինչեւ մարմինս ու բանականությունս կհասկացնեն, որ ժամանակն է կանգ առնել: Այժմ կենտրոնացած եմ այս մրցաշրջանում հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելու վրա: Ես հենց այնպես չէի մնա այստեղ: Ցանկանում եմ օգուտ տալ թիմին եւ լինել կարեւոր անդամ»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:

Հիշեցնենք, որ Ինյեստայի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. հուլիսը: Նա «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եւ ակումբի համակարգում է 1996-ից, երբ 12 տարեկան էր: Կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 639 հանդիպում, ինչը ակումբի պատմության երկրորդ ցուցանիշն է:

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում նվաճել է 30 տիտղոս եւ այդ ցուցանիշով ռեկորդակիր է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում