12:04  ,  6 հոկտեմբերի, 2017

Երեւանյան հեթ-տրիկից հետո Լեւանդովսկին ռեկորդ է սահմանել ԱԱ-ի ընտրական փուլում

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, հոկտեմբերի 5-ին 3 գնդակ ուղարկելով Հայաստանի թիմի դարպասը, 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում գոլերի քանակը հասցրել է 15-ի եւ սահմանել ռեկորդ:

Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 15 գոլ խփել աշխարհի առաջնության եվրոպական գոտու մեկ ընտրական մրցաշարում: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք մեկ ընտրական փուլում դարձել էին 14-ական գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն Գերդ Մյուլերի ռեկորդը կրկնել էր այս ընտրական փուլում եւ դեռ կարող է թարմացնել այդ ցուցանիշը վերջին 2 խաղերում:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հեթ-տրիկից հետո 29-ամյա Լեւանդովսկին ազգային թիմում գոլերի քանակը հասցրեց 50-ի եւ դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Վլոդզիմեժ Լյուբանսկուն, որը Լեհաստանի հավաքականում խփել է 48 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով